Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:20 10-03-2026

Պոլիտեխնիկի տարածքում 12 հարկանի բիզնես-կենտրո՞ն է կառուցվում․ ակտիվիստը մտահոգված է

Վերջին տարիներին Երևանում շինարարության ծավալները զգալիորեն աճել են։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքները բնակիչների, հատկապես ակտիվիստների շրջանում լուրջ մտահոգություններ են առաջացրել:

Օրերս ակտիվիստներից մեկը` Արայիկ Փահլևանյանը, մտահոգություն էր հայտնել Երևանի կենտրոնում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքի շուրջ հնարավոր կառուցապատման վերաբերյալ։

Նրա պնդմամբ՝ համալսարանի նախկին մասնաշենքի տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոց և բիզնես կենտրոն, որի թույլտվությունը, ըստ ակտիվիստի, նախընտրական փուլում դժվար թե տրվի:

Փահլևանյանն Oragir.News-ին հայտնեց, որ նախագծի մասին տեղեկացել են հանրային քննարկումների ընթացքում։ Նրա պնդմամբ՝ նախատեսվող կառուցապատումը իրականացվելու է հենց ուսումնական հաստատության տարածքում։

«Հանրային քննարկումներից տեղեկացանք, որ Պոլիտեխնիկի նախկին մասնաշենքի տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոց և բիզնես կենտրոն՝ մոտավորապես 12 հարկանի շենք։ Մեզ համար զարմանալի է, որովհետև նման նախադեպ գրեթե չկա, որ ուսումնական հաստատության տարածքում հյուրանոց կառուցվի։ Դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել համալսարանի միջավայրի համար»,- ասում է նա։

Փահլևանյանի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ նման մեծածավալ շինարարությունը կարող է երկար տարիներ տևել, իսկ այդ ընթացքում ուսումնական գործընթացը կարող է լրջորեն խաթարվել. «Եթե նման մեծ շինարարություն սկսվի, այն կարող է տարիներով շարունակվել։ Այդ ընթացքում ուսանողները ստիպված կլինեն սովորել շինհրապարակի պայմաններում՝ աղմուկի, փոշու և ծանր տեխնիկայի առկայությամբ։ Նման իրավիճակում բնական ուսումնական գործընթաց ապահովելը շատ դժվար կլինի»։

Ակտիվիստը նաև նշում է, որ խնդիրը միայն տվյալ տարածքով չի սահմանափակվում։ Նրա կարծիքով՝ Երևանի կենտրոնում շինթույլտվությունների տրամադրումը հաճախ առաջացնում է քաղաքաշինական և սոցիալական խնդիրներ։

«Կենտրոնում գրեթե յուրաքանչյուր ազատ տարածք արագ վերածվում է նոր շինարարության։ Շատ են խոսում, որ Երևանը քաղաքացիների համար է, բայց հաճախ թվում է, թե բիզնես շահերն ավելի առաջնային են դառնում։ Ամեն փոքր ազատ տարածք կարող է դառնալ հերթական հյուրանոցը կամ բիզնես կենտրոնը»,- ասում է նա։

Փահլևանյանը նաև զգուշացնում է, որ նման նախագիծը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։ Ըստ նրա՝ դա կարող է հետագայում նմանատիպ կառուցապատումների հիմք դառնալ նաև այլ ուսումնական հաստատությունների տարածքներում. «Եթե այս նախագիծը իրականացվի, դա կարող է վատ նախադեպ ստեղծել։ Հետագայում կարող է պարզվել, որ այլ համալսարանների տարածքներում էլ նման ծրագրեր են առաջ քաշվում։ Կարծում եմ՝ նման որոշումները պետք է շատ լուրջ քննարկվեն, և հաշվի առնվի հանրային շահը»։

Oragir.News-ին հաջողվեց կապ հաստատել նաև Կորյունի 14 հասցեում գտնվող շինությունների կառուցապատող ընկերության հետ, որտեղից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման և արձագանքելով «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերության կողմից Երևան, Կենտրոն, Կորյունի 14 հասցեով ծրագրվող/նախապատրաստվող քաղաքաշինական ծրագրի շուրջ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներով տարածվող ոչ արժանահավատ տեղեկատվությանը հայտնում ենք հետևյալը. «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերությունը ստեղծվել (հիմնադրվել) է 16.05.2025 թվականին «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերությունից նոր առևտրային իրավաբանական անձի առանձնացման եղանակով «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության վերակազմակերպման արդյունքում։ «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության իրավահաջորդը՝ համաձայն համապատասխան բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի։

Մասնավորապես, «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերությունից առանձնացման պահին՝ համապատասխան բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի համաձայն, «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերության սեփականության է փոխանցվել Երևան, Կենտրոն, Կորյունի 14 հասցեով գտնվող անշարժ գույքը և այդ գույքի հետ կապված գույքային իրավունքները։

Հարկ է նշել, որ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերությունն իր հերթին հանդիսանում է ՀՀ պետական ռեգիստրի կողմից 20.07.1994թ-ին գրանցված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» («ՀԱՅԳՈՒՆՄԵՏԳԻՏՆԱԽԱԳԻԾ») Պետական ձեռնարկության (02.02.1998թ-ին վերակազմավորվել է «ՀԱՅԳՈՒՆՄԵՏԳԻՏՆԱԽԱԳԻԾ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999թ-ին անվանափոխվել է «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության) իրավահաջորդը։ Երևան, Կենտրոն, Կորյունի 14 հասցեով գտնվող անշարժ գույքը (հողամասը և շենք-շինությունները)՝ ներկա մակերեսներով և հողամասի ներկա սահմանների շրջադարձային կետերով, «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության իրավանախորդներին հատկացվել են դեռևս խորհրդային տարիներին։

Նշված տարածքները երբեք չեն պատկանել Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտին կամ այլ ուսումնական հաստատության, իսկ բոլոր նման պնդումները ոչ միայն մտացածին են ու չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը, այլև ուղղակիորեն արատավորում են «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերության ու նրա իրավանախորդ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության բարի համբավը։ Կից ներկայացնում ենք Երևան, Կենտրոն, Կորյունի 14 հասցեով գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲ ընկերության և (կամ) «Ա-ՎԵՐԴԻ» ՓԲ ընկերության իրավունքները հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները՝ 27 թերթ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան, Արման Պողոսյան

Oragir.News

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան