Հայաստանի մարմնամարզության հավաքականը չի կարողացել մեկնել Թուրքիայում նախատեսված մրցումներին։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։
Նրա խոսքով՝ հավաքականի անդամները Գերմանիայում անցկացված Աշխարհի գավաթի առաջին փուլից հետո մեկնել էին ուսումնամարզական հավաքի՝ Քաթարի մայրաքաղաք Դոհա։
«Մեր տղաները Գերմանիայի աշխարհի գավաթից հետո մեկնել էին ուսումնամարզական հավաքի Դոհա։ Մարտի 10-ին նրանք պետք է Դոհայից մեկնեին Թուրքիա՝ մրցումների մասնակցելու համար, սակայն դա չստացվեց»,- նշեց Անտոնյանը։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պատճառը թռիչքների չեղարկումն է։
«Մենք երկու անգամ տոմս էինք գնել Դոհա-Անթալիա ուղղությամբ, սակայն երկու դեպքում էլ թռիչքները չեղարկվել են։ Ներկայում այդ ուղղությամբ թռիչքներ պարզապես չեն իրականացվում, ինչի պատճառով մեր թիմը չի կարողացել մեկնել մրցումների»,– ասաց նա։
Անտոնյանը նաև ընդգծեց, որ խնդիրը որևէ կերպ կապված չէ Թուրքիայի հետ կամ այդ երկրում անվտանգային պայմանների հետ։
«Թուրքիայում մենք բազմիցս մասնակցել ենք մրցումների, և դա առաջին անգամը չէ։ Խնդիրը միայն թռիչքների բացակայությունն է։ Այժմ նույնիսկ մեր թիմի վերադարձն է դժվարանում», – նշեց նա։
Նրա խոսքով՝ այս պահին հավաքականի անդամները դեռ Դոհայում են։
«Ուսումնամարզական հավաքն արդեն ավարտվել է, բայց թիմը դեռ այնտեղ է, քանի որ հետդարձի հարցը նույնպես պետք է լուծվի», – ասաց Սահակ Անտոնյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ընդհանուր թիմը բաղկացած է 7 հոգուց՝ 4 մարմնամարզիկից, մարզիչից և բժշկական անձնակազմից։
«Տոմսերի մի մասը փոխհատուցվել է ավիաընկերության կողմից, քանի որ թռիչքի չեղարկումը մեր պատճառով չէ», – եզրափակեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։
Նշենք, որ տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականը չի մասնակցելու Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որը մեկնարկում է այսօր՝ մարտի 10-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում։