Ներքին 2 ամիս առաջ - 19:48 09-03-2026

4.5 տարվա ազատազրկում և բլոգերությամբ զբաղվելու արգելք. ինչու է դատապարտվել Արսեն Մարգարյանը

Մոսկվայի քաղաքային դատարանը ավարտեց 30-ամյա բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործի վերանայումը։ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել նացիզմի քարոզման մեջ՝ հրապարակայնորեն վիրավորելով Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակը և պաշտպանելով Ադոլֆ Հիտլերի գործողությունները։

Բլոգերը ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսին Մոսկվայի մարզի Կուբինկայի մոտակայքում՝ մեքենայի բեռնախցիկում թաքնվելով՝ փորձելով լքել Ռուսաստան։ Գործը քննվել է հատուկ ընթացակարգով, քանի որ Մարգարյանը լիովին ընդունել է մեղքը և համաձայնվել մեղադրանքների հետ, ինչը թույլ տվեց դատարանին չուսումնասիրել ապացույցները և սահմանել պատժի առավելագույն երկու երրորդը։

Ըստ գործի նյութերի՝ Մարգարյանը 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մարտի 19-ը սոցիալական ցանցերում հրապարակել է երկու տեսանյութ։ Առաջինում նա վիրավորել է Կարմիր բանակի զինվոր և Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովին, ուղղելով նրա հասցեին անպարկեշտ արտահայտություններ։ Երկրորդ տեսանյութում նա հրապարակայնորեն հավանություն է տվել նացիստական ռեժիմի կողմից կատարված հանցագործություններին, որոնք հաստատվել էին Նյուրնբերգյան դատարանի կողմից։

Դատարանի որոշմամբ՝ Մարգարյանին դատապարտել են 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրան նաև արգելվել է չորս տարի կառավարել օնլայն ռեսուրսները և զբաղվել բլոգինգով։Մեղադրող կողմը պահանջել էր վեց տարի 10 ամիս ազատազրկում, սակայն պաշտպանող կողմը ներկայացրեց մեղմացուցիչ հանգամանքներ՝ նշելով, որ Մարգարյանը կատարել է նվիրատվություններ «ՍՎՕ-ին աջակցող ֆոնդերին» և ունի հոգեբանական խնդիրներ ինչը նպաստել է հանցագործությանը։

Եզրափակիչ ելույթում Մարգարյանը ներողություն է խնդրել. «Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորվել են։ Ես սխալվել եմ, զղջում եմ և չեմ կարող նկարագրել, թե որքան եմ ամաչում։ Այս դասը կսովորեմ իմ ողջ կյանքի ընթացքում»։

Հիշեցնենք, որ Մարգարյանը նախկինում պատժվել էր թմրանյութերի քարոզչության համար, նաև մեղադրանքներ են եղել ահաբեկչությունը արդարացնելու մեջ։