Հանրության մի հատված քննադատում է Նիկոլ Փաշինյանին, որ տարածաշրջանում աղետալի պատերազմ է, հարյուրավոր մարդիկ են զոհվում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ՀՀ վարչապետը թմբուկ է նվագում։
Վրաստանում մարտի 3-ին Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագել՝ զարմացնելով ներկաներին։ Նա իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար»։ Նշենք, որ ՀՀ վարչապետը Վրաստան էր այցելել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել մարտի 4-ին։
Կարո՞ղ է թմբուկ նվագելը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի միջազգային վարկանիշը։
Մարդիկ քննադատում են այս երևույթը առավելապես քաղաքական վարքագծի տեսանկյունից։ Հարևան պետության առաջնորդն է զոհվել, տասնյակ հրամանատարներ, հարյուրից ավելի դպրոցականներ։ Իհարկե՝ Հայաստանում սուգ չէ։ Ազգային սուգն ու պատերազմն Իրանում է։ Սակայն զուտ մարդկային առումով՝ Փաշինյանը կարող էր ցույց չտալ իր ուրախությունը, առավել ևս թմբուկ նվագելով չզարմացներ ու չզվարճացներ վրացի գործընկերներին, քանի որ հարևանի տանը սուգ էր։
Փաշինյանի միջազգային վարկանիշը ցածր է։ Բազմաթիվ երկրներ նրան դեռ իներցիայով ընկալում են որպես ֆորպոստի վարչապետ։ Ոմանք չեն հարգում, որ նա ռուսամետ կուրս է վարում, մասնավորապես՝ ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման հարցը չի ընդգրկում օրակարգ։ Մինչդեռ ազատ, ժողովրդավարական աշխարհի երկրները միասնաբար աջակցում են Ուկրաինայի անկախությանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանում և այլն։
Այս առումով՝ ենթադրելի է, որ Փաշինյանը թմբուկ նվագելով կարող է բարձրացնել իր միջազգային վարկանիշը։ Գուցե որոշ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ հարգեն ՀՀ վարչապետին, որը մարդկային կողմ է ցուցադրում, իրեն դրսևորում հասարակ մարդու պես, թմբուկ է նվագում վրացի երաժիշտների հետ միասին հասարակական վայրում։
Կա մեկ այլ տեսակետ։ Չնայած Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, ստորագրել է ասոցիացման համաձայնագիրը, սակայն վերջին շրջանում մերձեցել է Մոսկվայի հետ, որոշ օրենքներ է ընդունել, որոնք քննադատության են արժանացել Եվրամիության կողմից։ Օրեր առաջ էլ ԵՄ-ն վերացրել է Վրաստանի պետական բարձրաստիճան գործիչների համար առանց վիզայի ռեժիմը։ Այս առումով՝ Փաշինյանը Վրաստանում ներդաշնակ միջավայրում է։ Այսօրվա Վրաստանի հետընթացը, հավանաբար, մխիթարում է Փաշինյանին, որ Հայաստանից բացի մի երկիր էլ կա, որը խորացնում է ազատ աշխարհի կողմից մերժված Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Օտար դիտորդների համար Փաշինյանի թմբուկ նվագելու դրվագը կարող է դիտվել որպես մշակութային շփման և ոչ ֆորմալ դիվանագիտության օրինակ, երբ քաղաքական գործիչը փորձում է ստեղծել բարեկամական մթնոլորտ։ Սակայն Հայաստանի ներսում հանրային քննադատություններն այլ բանի վրա են շեշտ դնում, որ սա օրակարգից շեղվող ցուցադրական քայլ է, որն ամենևին էլ չի նպաստում վարչապետի կամ պետության միջազգային վարկանիշի աճին։
Այսինքն՝ հանրության այն հատվածը, որը քննադատաբար է վերաբերվում Փաշինյանի քաղաքականությանը, թմբուկ նվագելու տեսանյութն ընկալում է որպես հանրային ուշադրությունը քաղաքական խնդիրներից շեղելու կամ չափազանց թեթև կերպար ձևավորելու փորձ։ Նրանց համար պետական ղեկավարի վարքագիծը պետք է առավել զուսպ և կենտրոնացած լինի բացառապես քաղաքական օրակարգի վրա, հատկապես հիմա, երբ աշխարհակարգ է փոխվում, և հասարակության մի մասը լուրջ և կենտրոնացած ղեկավարություն է ակնկալում։
Կարճ ասած՝ երբ ժողովրդի մի մասը չի կարողանում հաշտվել Արցախի բռնազավթման, մարդկային մեծ կորուստների, նյութական մեծ կորուստների հետ, թմբուկ նվագելը տպավորություն է ստեղծում, թե Փաշինյանը ժողովրդի հետ չէ։ Սա է պատճառը, որ Հայաստանում շատերը չեն ուրախանում նրա թմբուկ նվագելուց։ Իսկ վրացիները կարող են ուրախանալ ռուսների պոչը բռնած Փաշինյանի երաժշտական վարպետությունից։ Ավելին՝ կարող են օրինակ վերցնել ու իրենք էլ նվագել, զվարճացնել օտարերկրացիներին, անտեսելով, որ իրենց երկրի տարածքի մի մասը զավթված է Ռուսաստանի կողմից։
Թաթուլ Մկրտչյան