Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:03 05-03-2026

Կոռուպցիա՞, թե՞ անգրագետ կառավարում․ պետական գնումները զանգվածաբար տապալվում են

Հայաստանի տարբեր գերատեսչություններում գնումների գործընթացը պարբերաբար կա՛մ ձախողվում, կա՛մ չեղարկվում է։ Գնումներ չեն իրականացվում նույնիսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է գրքերի ցանկերին, ավտոմեքենաների սպասարկմանը կամ այլ ընթացիկ կարիքներին։ Նույն պատկերն է նաև կենդանիների խնամքի կենտրոնի դեպքում․ հայտարարված գնումները զարմանալիորեն տապալվում են, իսկ իրական կարիքները սպասարկվում են այլ մեխանիզմներով, ինչը կասկածներ է հարուցում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Խոսքը բանկային քարտերով ու կանխիկ միջոցներով կատարվող ծախսերի մասին է, որոնք դարձել են մասամբ չվերահսկվող։

Oragir.News-ն իր մի հրապարկման մեջ անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ սովորական գնումների ընթացակարգից բացի՝ կա նաև երկրորդ մեխանիզմը՝ վարկային կամ քարտային համակարգը։

Հիշեցնենք՝ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հրապարակել էր Արդարադատության նախարարության «2024 թվականի բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարած պետական գնումների միջև համադրական վերլուծություն» ծրագրի ամփոփիչ զեկույցը, որում նշվում է, որ 2024 թվականին պետական գերատեսչությունների բյուջետային չվերահսկվող ծախսերը 2018 թվականի համեմատ ռեկորդային աճ են արձանագրել, և միայն վարկային-քարտային տարբերակով ծախսած միջոցների բյուջեն աճել է 28․9 անգամ՝ 175 միլիոնից հասնելով 5 մլրդ 57 մլն դրամի։ Այս միջոցների հաշվին կատարվող գնումները չեն իրականացվում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներով, չեն ենթարկվում որևէ վերահսկողության, փաստացի թողնված են ազատ շրջանառության։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս որոշակի սահմանաչափի շրջանակում գնումներ կատարել՝ առանց դասական մրցութային ընթացակարգի։

Խնդիրը, սակայն, միայն գումարային շեմի բարձրացումը չէ։ Գնումների մասին որոշումներով սահմանված վերահսկողական պահանջների մի մասը փաստացի չի իրականացվում։

Տարբեր գերատեսչություններում այդպիսի ծախսերը ռեկորդային աճ են գրանցել։ Այսինքն՝ մի կողմից պաշտոնական գնումների գործընթացները չեղարկվում են, մյուս կողմից՝ մրցութային ընթացակարգից դուրս իրականացվող ծախսերը կտրուկ ավելանում։
Կառավարութան կողմից չեղարկված գործընթացներից են «ՀՀ ՆԳՆ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի՝ իր կարիքների համար ներկայացրած գնումները, ՀՀ հանրային ծառայությունները կարագավորող հանձանաժողովի գնումները, Թալին համայնքի « Տրանսպորտի և մեքենասարքավորումների սպասարկման ծառայություն» համայնքային հիմնարկի գնումները։

Գնումների փակման և չեղարկման այս միտումը 2024-ին արդեն առկա էր, իսկ այժմ այն կրում է շարունակական, քրոնիկ բնույթ։ Այսինքն՝ խոսքը մեկանգամյա դեպքերի մասին չէ, այլ արմատացած երևույթի։ Հարց է առաջանում՝ գնումների ձախողումները համակարգային անգործունակության հետևա՞նք են, թե՞ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մրցութային գնումները ձևականորեն չեն իրականացվում, իսկ իրական ծախսերը տեղափոխվել են պակաս վերահսկելի դաշտ։

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ օրենքով նախատեսված են մի քանի հիմքեր, որոնցով մրցույթը կարող է ճանաչվել չկայացած, և որպեսզի հնարավոր լինի կոնկրետ պատասխան ստանալ, անհրաժեշտ է ներկայացնել տվյալ գնումների ծածկագրերը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պարզել՝ ինչ հիմքով է մրցույթը չեղարկվել, հետագայում ինչ մեխանիզմով է բավարարվել տվյալ կարիքը. վերահայտարարո՞ւմ է եղել, թե՞ կիրառվել է այլ գնման ձև։ Առանձին հարց է նաև բանկային քարտերով կամ վարկային մեխանիզմով կատարված ծախսերի թեման։ Մեր զրուցակիցը նշեց, որ այդ մասով տեղեկատվությունը տրամադրում է գանձապետարանը, և անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել համապատասխան կառույցին՝ քարտային հաշիվներով կատարված վճարումների վերաբերյալ տվյալներ ստանալու համար։

Այսպիսով՝ ողջամիտ կասկած կա, որ 2018-ից հետո, այսպես կոչված՝ հակակոռուպցիոն կարգախոսների ներքո ձևավորվել է մի համակարգ, որտեղ պետական գնումների զգալի մասը կատարվում է ստվերային մեխանիզմներով։ Սա ոչ միայն կամ գուցե ոչ այնքան կառավարման խնդիր է, որքան քաղաքական կամքի բացակայության հետևանքով պետական բյուջեի հաշվին թույլ տրվող անվերահսկելի շռայլություն, որը պահանջում է անհապաղ իրավաքաղաքական գնահատական։ Նման պայմաններում պետական գնումների համակարգը փաստացի դադարում է լինել տնտեսական զարգացման խթան։