Քաղաքակիրթ երկրներում պետական ու մասնավոր ոլորտի աշխատակիցները պարգևավճարներ են ստանում, երբ գերակատարում են իրենց աշխատանքային պարտականությունները, պարզ ասած՝ աշխատում են ավելի շատ և պրոդուկտիվ, քան պարտավոր են։ Բազմաթիվ հաստատություններում ընդունված է, որ աշխատակիցները պարգևատրվում են տարեկան մեկ անգամ՝ հիմնականում տարեմուտի շեմին, 1 աշխատավարձի չափով։
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք օրինարչափություն է դարձել, երբ պաշտոնյաները տարեկան մի քանի անգամ խոշոր պարգևավճարներ են ստանում՝ բացառապես իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար։ Օրերս հանրությունը հերթական անգամ շոկի ենթարկվեց՝ իմանալով, որ պաշտոնյաները հերթական անգամ ճոխ պարգևավճարներ են ստացել, որի նպատակով պետբյուջեից շուրջ 3 մլրդ դրամ է ծախսվել․ Նիկոլ Փաշինյանը մոտ 14 մլն դրամ պարգևավճար է ստացել, նախարարները՝ 6-7 մլն, պատգամավորները՝ 3 մլն և այլն։
Պաշտոնյաների պարգևավճարները հատկապես թոշակառուների վրդովմունքն են առաջացնում, քանի որ վերջիններս շատ լավ են հիշում նախորդ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ եթե Կառավարությունը կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնի, ապա թոշակառուները չեն իմանա, թե ինչպես ծախսեն այդ գումարը։ Հունվարի սկզբին էլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե թոշակները 20 հազար դրամով բարձրացնեն, ապա միևնույնն է՝ թոշակառուների տները չեն տաքանա։ Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը պաշտոնյաներին բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարները հիմնավորեց այն հանգամաքով, թե իր իշխանությունը վերադարձրել է ժողովրդից թալանված գումարները ու դրանց չնչին մասն ուղղել պարգևատրումներին։ Ավելին Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ պարգևավճարներ տալով` իրենք իրականում ուժեղացնում են աղքատությամբ զբաղվող համակարգը, քանի որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքից է կախված երկրում աղքատության մակարդակի նվազեցումը։
Կառավարության ղեկավարի այս պնդումը հանրության շրջանում լուրջ հուզումների պատճառ չէր դառնա, եթե քաղաքացիների կենսամակարդակն էլ բարելավվեր, և Հայաստանի ամեն չորրորդ քաղաքացին աղքատ չլիներ։ Սակայն, մինչ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է պաշտոնյաների ստացած պարգևավճարների վրա, պակաս խնդրահարույց չեն պետական գերատեսչությունների կատարած ծախսերը, որոնք ևս Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք շեշտակի աճ են գրացել, սակայն շատ հաճախ բավարար ուշադրության չեն արժանացել։
«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն վերջերս հրապարակել է Արդարադատության նախարարության «2024 թվականի բյուջետային հատկացումների և դրանց հաշվին կատարած պետական գնումների միջև համադրական վերլուծություն» ծրագրի ամփոփիչ զեկույցը, որում ի թիվս այլ ծախսերի վերլուծել է 2018-2024 թվականներին պետական բոլոր գերատեսչությունների՝ նախագահի, վարչապետի, ԱԺ աշխատակազմների, նախարարությունների և վերջիններիս ենթակայության ներքո գործող հաստատությունների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով և կանխիկ ձևով շրջանառվող ու չվերահսկվող միջոցների չափաքանակը։
Ուշագրավ է, որ պետական գերատեսչություննրեի՝ վարկային-քարտային տարբերակով ծախսած միջոցների բյուջեն 2024 թվականին 2018 թվականի համեմատ աճել է ավելի քան 28․9 անգամ․ եթե 2018-ին այս նպատակով հարկատուների գրպանից ծախսվել է 175 մլն 364․100 դրամ, ապա 2024-ին՝ 5 մլրդ 57 մլն 628․200 դրամ։ Ընդ որում, թեպետ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին հիշյալ ծախսերը տարեցտարի աճել են, այնուամենայնիվ ամենաշոշափելի աճը տեղի ունեցել 2024 թվականին՝ 2 մլրդ 676 մլն 196․600 դրամից (2018-ի համեմատ աճը՝ ավելի քան 15․2 անգամ) հասնելով 5 մլրդ 57 մլն 628․200 դրամի։
Կանխիկ վճարումների դեպքում ցուցանիշը որոշակիորեն նվազել է․ 2018 թվականին պետական գերատեսչությունները ծախսել են 180 մլն դրամ, 2024-ին՝ 150մլն։
Բացի այդ, եթե նախքան իշխանափոխությունը՝ 2016-2018 թվականներին, Կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված կարգով այս միջոցները հնարավոր էր ուղղել բացառապես արտասահմանյան գործուղումների գծով ծախսերին, ապա այժմ դրանցով հնարավոր է ձեռք բերել գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ սնունդ, հագուստ, թանկարժեք իրեր և այլն։ Սրանց թվում հնարավոր է ներառել նաև վերանորոգման աշխատանքներ, սպասարկման և պահպանման, ինչպես նաև ընթացիկ այլ ծախսեր։ Կառավարման փորձագետների գնահատմամբ՝ սա փողերի լվացման համար բավականին լայն դաշտ է բացում, քանի որ շատ հաճախ՝ պետական ծառայողները կարող են հարկատուների հաշվին զանազան ծախսեր կատարել՝ անհրաժեշտության դեպքով չկարողանալով հիմնավորել դրանց նպատակահարմարությունը։
Այսպիսով՝ փաստենք, որ 2024 թվականին պետական գերատեսչությունների բյուջետային չվերահսկվող ծախսերը 2018 թվականի համեմատ ռեկորդային աճ են արձանագրել, և միայն վարկային-քարտային տարբերակով ծախսած միջոցների բյուջեն աճել է 28․9 անգամ՝ 175 միլիոնից հասնելով 5 մլրդ 57 մլն դրամի։ Այս միջոցների հաշվին կատարվող գնումները չեն իրականացվում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներով, չեն ենթարկվում որևէ վերահսկողության, փաստացի թողնված են ազատ շրջանառության։
Շատերս ենք պատկերացնում, թե ինչպես այս ամենին կարձագանքեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի բոցաշունչ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից և հոդվածներ կհրապարակեր իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, եթե բյուջետային ծախսերի այս ռեկորդային աճը տեղի ունենար նախկին իշխանությունների պաշտոնավարման օրոք։ Փաշինյանն ինչպես ճոխ պարգևավճարների, այնպես էլ բյուջետային ծախսերի ռեկորդային աճի համար կառավարության ողջ կազմին անարգանքի սյունին կգամեր, կհիշեցներ գոյություն ունեցող աղքատության մակարդակը, գուցե նաև փողոցային պայքար նախաձեռներ՝ հանրությանը կյանքը փոխելու, թալանածը հպարտ քաղաքացիներին վերադարձնելու, արագաչափերը վերացնելու և զանազան այլ խոստումներով։
Դավիթ Գույումջյան