«Հրապարակ»․ թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։
«Հրապարակ»․ թերթը գրում է. Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է՝ տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։ Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի՝ «Խաղաղության» մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․Օրերս սկանդալային դեպք է արձանագրվել «Արթիկ» ՔԿՀ-ում։ Հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր՝ «ժուչոկներ»։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին՝ Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի, դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է: Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։
Սարքերը, ըստ էության, տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա վրդովմունքի ալիք է բարձրացրել՝ պահանջել են, որ մեղավորները պատժվեն։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Խորհրդարանը շուրջ երկու տարի է՝ չի կարողանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրների դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն՝ մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում «քննություն» տալու ժամանակ։ Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել», որը, իշխանականների հավաստմամբ, ոլորտի պրոֆեսիոնալ է: Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պաշտոնյա, պետական մրցույթների մեծ մասի հաղթող, ապա Երևան տեղափոխված գործարար Արման Հակոբջանյանը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում «Կապավոր» ընկերության սեփականատեր Հակոբջանյանին տարբեր տնտեսական բնույթի գործերով պարբերաբար հրավիրում են քննչական մարմիններ՝ հարցաքննությունների և պարզաբանումների համար։ Նա Հայաստանում ևս մրցույթներում հաղթում է և խոշոր շրջանառություն ունի։