«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։ Այս արարքը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Սա մեղմ մասն է։ Բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է, և Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ հրապարակային տեղեկությունների համաձայն, գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա և վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութական մասին՝ հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան և հարցաքննվել «Քովիդ-19-ի գործով» քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարը դատարանից երկու անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով այս ընթացքում չի ներկայացել։ Ի վերջո, օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան և ցուցմունք տվել։ Թե ինչ բովանդակություն են ունեցել Ավանեսյանի ցուցմունքները և ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին: Աննա Հակոբյանի` Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետեւանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տեւական ժամանակ ամուսնու կողքին չէր, եւս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են` ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է:
Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սեւանի կառավարական ամառանոց եւ, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել: Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն: Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան: Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, եւ վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն` նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մարտի 1-ին ՔՊ-ականների մարզային այցի, իրականում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Իջեւանի բնակիչ, նախկին զինվորական Անդրանիկ Դովլաթբեկյանը, լսելով Փաշինյանի արձագանքը, որ «արգելում է» նրա աղջկան Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն նշանակել, սպառնաց․ «Գանձաքարում «լավ» կլի ձեր ընտրությունը», ինչին Փաշինյանը հակադարձեց․
«Գանձաքարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում ենք արել, էդ ամենի արդյունքում Գանձաքարում վատ պտի լինի՝ թող վատ լինի, գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատ ըլնի»։ Իրականում, Փաշինյանի համար հունիսի 7-ի ընտրությունները լավ չեն լինելու ոչ միայն Դովլաթբեկյանի աղջկա պատճառով։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի մայրը՝ Մարիա Կարապետյանը, ծնունդով Գանձաքարից է, եւ այստեղ իրենց հայրենակից Սամվել Կարապետյանին սիրում են։ Ինչ վերաբերում է «տասնյակ միլիարդների ներդրումներին», գյուղում տարակուսած են այդ ստից:
«Հրապարակ» թերթը գրում է․ Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» հետ համապետական ընտրությունների գնացող «Շանթ» դաշինքի անդամ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում, իր տեղակալ Գոռ Թադեւոսյանը կլինի առաջին տասնյակում։ Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երեւի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։ Չնայած Փարսյանը մեծ կազմով ներկա է գտնվել շաբաթ օրը «Միասնության թեւերի» հավաքին։ Ինչ վերաբերում է Գոռ Թադեւոսյանին, ապա նա անկուսակցական է, ավագանու անդամ է դարձել «Շանթ դաշինքի» ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։
«Փաստ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։
«Իրավունք» թերթը գրում է.
«Փաշինյանի՝ Աննա Հակոբյանից բաժանվելու փաստը, մի այլ կարգի ցնցումների մեջ է գցել ՔՊ-ականներին։ Անգամ նրա արեւով երդվող ՔՊ-ականներն են սկսել, ինչպես մեր աղբյուրն է ասում, գլխների ճարը տեսնել։
Թիմում սկսել են գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց, որպես «պեշկա» կդնի զոհասեղանին։ Ավելին, նույն աղբյուրների համաձայն, եթե նախկինում ինչ-ին հարցերի շուրջ փորձում էին իրենց դիրքորոշում հայտնել՝ Աննայի ուղերձից հետո, սսկվել նստել են։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ–ի լավատեղյակ աղբյուրների համաձայն, Նիկոլ Փաշինյանը, բառի ուղիղ իմաստով, արգելել է թիմակիցներին մարզեր այցի ժամանակ եւ առհասարակ հանրային տիրույթում եկեղեցու թեմայով ասել–խոսել. «Եկեղեցու թեման չդնել-չվերցնել՝ մինչեւ իմ հետ չհամաձայնեցվի»։
Թե ինչով է պայմանավորված վերջինիս կտրուկ հրահանգը, ու թե մինչեւ երբ է արգելքը դրված՝ ՔՊ-ում էլ տեղյակ չեն, բայց ռիսկ անող էլ չկա, որ հարցնեն։
«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Աննայի` հորանց տուն, ավելի ճիշտ` «վարձով բնակարան» գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է եղել: Չէ, պատճառն այն չէ, որ, որպես հոգեւորական, տխրել է, որ «հայկական ավանդական» ընտանիք է քանդվում: Պատճառները շատ ավելի մարդկային են:
Այն է` Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս: Հանրագումարում, դա ամենեւին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին, առավելեւս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին:
Մի խոսքով, ինչպես տեղյակ աղբյուրն արտահայտվեց. «Աննայի հեռանալը լրիվ թեւաթափ է արել հեռացած սրբազաններին, որոնք լրջորեն սկսել են մտածել «անառակ որդու» կերպարի մեջ մտնելու մասին: