Բարձրաստիճան ոստիկանների աշխատանքից ազատման լուրը դեռ պաշտոնապես չի պարզաբանվել։ Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել այս բարձրաստիճան ոստիկանները, հրաժարակա՞ն են տվել, թե՞ պաշտոնանկ արվել։
Հանրային խոսույթում 2 վարկած է պտտվում։
Առաջին վարկածով ենթադրվում է, որ ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց, ահասարսուռ սպանություններով: Այսինքն՝ ոստիկանները պաշտոնանկ են արվել Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Իսկ ավելի շատ շրջանառվող վարկածը վերաբերում է ընտրություններին։ Ասում են, թե ոստիկանները հրաժարական են տվել, չեն ցանկացել բութ գործիք լինել ընտրական փուլում։
Ոմանք վերջին շրջանում հաճախակի դարձած աղմկահարույց սպանությունները կապում են ՔՊ-ի վարած քաղաքականության հետ, նրանց կողմից գեներացվող ատելության մթնոլորտի, արժեքների արհամարհման, մարդատյաց քարոզի և այլ բացասական ընթացքների հետ։ Այս առումով՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով են պաշտոնանկ արվել բարձրաստիճան ոստիկաններին, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել նման սպանությունները։ Այսպիսով՝ փորձ է արվել ամբողջ պատասխանատվությունը դնել ոստիկանների վրա։
Կա ողջամիտ կասկած, որ այսօրինակ պաշտոնակությունները էական բան չեն փոխի սպանությունները կանխելու հարցում։ Իրական փոփոխություն կարելի է ակնկալել, եթե ՔՊ-ականներն ատելության խոսույթից հրաժարվեն, իրենց մեջ կուտակված չարությունը պատմեն ջրին ու չնետեն եթեր, ժողովրդին ու մրցակիցներին հարգանքով վերաբերվեն։ Ու եթե Փաշինյան ուզում է կանխել սպանություններն, ապա առաջին հերթին կարող են վերանայել ՔՊ-ականների խոսքի տոնը, այն դարձնելով հարգալից առ ժողովուրդն ու մրցակիցները։
Փորձագետները կարծիք են հայտնում, թե ոստիկանությունը չի կարողանում արդյունավետ կանխել սպանությունները, քանի որ ոստիկանների մեծ մասը զբաղված է այլ գործերով՝ ՔՊ-ականների ղեկավարների, ՔՊ-ի հետ գործակցող հոգևորականների անվտանգությունն ապահովելու, քաղաքական հետապնդումների, ընդդիմախոսներին հետևելու և նման բաների վրա, որոնք ոստիկանության գործառույթների շարքում առաջնային տեղում չեն։
Նկատենք նաև, որ հրաժարականի վարկածն ավելի հավանական է, քանի որ եթե պաշտոնանկ արվեին, ապա լուրն անմիջապես պաշտոնապես կհրապարակվեր։ Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ական իշխանության հիմնական ուշադրությունն այսօր սևեռված է հունիսի 7-ի ընտրություններում վերընտրվելու խնդրին, ապա ենթադրելի է, որ ոստիկաններին նոր առաջադրանքներ են տրվել ընդդիմադիր գործիչներին հալածելու, մրցակիցներին ճնշելու վերաբերյալ։ Եվ ոստիկանները, հարգելով օրենքը, իրավապահի պատիվն ու կոչումը, հրաժարվել են կատարել Նիկոլ Փաշինյանի այսօրինակ առաջադրանքները, չեն ցանկացել հետապնդել քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին, չեն ցանկացել դառնալ ՔՊ-ի ընտրական մեքենայի մի պտուտակ և հրաժարական ներկայացրել։
Կարճ ասած՝ եթե ոստիկանները հրաժարական են տվել, ապա կա հույս, որ ամեն ինչ կորած չէ, քանի որ մարդիկ օրենքն ու իրավապահի վեհ կոչումն ամեն ինչից բարձր են դասում։ Սա հիմք է լավատեսության, որ եթե ոստիկանը չծանրաբեռնվի երկրորդական խնդիրներով, ապա կարող է արդյունաավետ իրականացնել իր գործառույթներն ու կանխել սպանությունները, որոնք ոչ միայն մարդկային ողբերգություններ են, այլև բացասաբար են անդրադառնում պետության իմիջի ու ժողովրդի երջանկության վրա։
Թաթուլ Մկրտչյան