Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:00 24-02-2026

Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու, Արամ Սարգսյանը՝ հակառուս, բայց ռուսամետ․ Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հակառուս Արամ Սարգսյանը, որի քաղաքական գաղափարախոսությունը հիմնված է Ռուսաստանի դեմ, պարզվում է՝ իրական կյանքում ընդունում է, որ Հայաստանը չի կարող պոկվել Ռուսաստանից, քանի որ մեր տնտեսությունն իր բոլոր թելերով կապված է ռուսական շուկայի հետ։ Հայ գործարարներից մեկը, որը վերջերս հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ, մեզ պատմեց, որ մասնավոր զրույցում Զավենիչն ընդունել եւ խոստովանել է, որ Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի մշուշոտ է, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջովին կախված է ռուսական շուկայից։

«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը բարձրաձայնում է իր վախերը․ շուրջ մեկ շաբաթ է՝ իրար հերթ չտալով, քարոզչական տեռոր են իրականացնում, թե խորհրդարանական ուժերին հայտ ներկայացնող ընդդիմադիր խոշոր խաղացողները «Գյումրի 2» են ուզում իրականացնել։

Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ Գյումրիում տեղական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին՝ թույլ չտալով, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այնտեղ իշխանություն վերցնի։ Փաշինյանն ու նրա խմբակը հետընտրական այս կոնսոլիդացիան փորձում են ներկայացնել որպես մի արատավոր, հրեշավոր իրողություն:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։

Գեղամ Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադեւոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։ Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ԱԺ պետական-իրավական հանձնաժողովին։ Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝

• ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
• ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգյան,
• ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։

Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր։