2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու հավակնող բազմաթիվ գործիչներ հայտարարում են, թե իրենք նախկին չեն, նախկինների հետ կապ չունեն, նախկինների հետ չեն համագործակցի։
Սա աննորմալ է։
Նորմալ երկրներում թեկնածուները սևեռվում են իրենց ասելիքի վրա։ Եվ մրցակիցներին դիտում այդ պրիզմայով։ Օրինակ՝ ժողովրդավարները հայտարարում են, թե կհամարգործակցեն նրանց հետ, որոնք ժողովրդավարությունը քաղաքակրթական ընտրություն են դիտարկում։ Եվ չեն համագործակցի այն ուժերի հետ, որոնք դեմ են ժողովրդավարությանը։ Այսպիսով ընդգծում են, որ ժողովրդավար են, ժողովրդավարությունն իրենց բարձրագույն նպատակն է։
Պահպանողականներն ընդգծում են, որ կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնց համար անկախությունը բարձրագույն արժեք է և գերնպատակ։ Ու չեն համագործակցի այն ուժերի հետ, որոնք անկախությունը երկրորդում են, պատրաստ են զիջել ինքնիշխան իրավունքները, ուզում են դառնալ ֆորպոստի վարչապետ, միութենական հանրապետություն այլն։
Հայաստանում ոչ միայն սկսնակներն, այլև քաղաքական դաշտի հնաբնակներն այլ բան են ասում, ասելիքը սևեռելով նախկինների վրա։ Ենթադրելի է, որ այսպիսի խոսույթը թելադրում է ՔՊ-ն։ Նա այս խոսույթով փորձում է բոլոր մրցացկիցներին որակել նախկիններ։ Իսկ ովքեր խոսում են իրենց գաղափարների մասին, ապա ՔՊ-ն ասում է, թե նրանք, ըստ էության՝ մոլորեցնում են ընտրողին, քանզի բոլոր մրցակիցները նախկին են կամ ավելի քան նախկին են։
Այս աննորմալությանը վերջ տալու, առաջիկա սպեկուլյացիաները բացառելու և քաղաքական խոսույթը ռեալություն վերադարձնելու համար պետք է նախ պահանջել Նիկոլ Փաշինյանից՝ հստակ սահմանել, թե ովքեր են նախկինները։
Եթե հիմք ընդունենք քաղաքական և պատմական տրամաբանությունը, ապա նախկին պիտակի տակ կարող են տեղավորել 1998-2018 թվականներին իշխանության որևէ օղակում գեթ 1 րոպե աշխատած անձանց։
Այս հիմնավոր սահմանումը, սակայն, հաշվի չեն առնում Փաշինյանն ու նրա թիմակիցները։ Նրանք այլ տրամաբանություն են զարգացնում, ըստ որի՝ նախկին են բոլորն, ովքեր հայտարարում են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին և իշխանության հասնելու հավակնություն ներկայացնում։ Նույնիսկ նորաբաց կուսակցությունները, սկսնակները, երիտասարդ թեկնածուները, որոնք 1998-2018-ին քաղաքական արենայում չկային, չափահաս էլ չէին, դարձյալ որակվում են նախկին։ ՔՊ-ականները զոռ են տալիս երևակայությանը, փնտրում, գտնում կամ հորինում պատմություններ, որոնցով բոլոր մրցակիցներին կապում են նախկինների հետ, որակում նախկին։ Հետո ժողովրդին վախեցնում են, թե ա՛յ եթե Փաշինյանին չընտրեք, ապա նախկինները կգան, իրենց հետ բերելով թալան, բռնություն, ապօրինություն և այլ վատ բաներ։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ հունիսի 7-ին ընտրողի քվեին արժանանալու հավակնորդների մի մասը նոր խոսք է բերում, նոր թիմեր են ձևավորվում, նոր դեմքեր են երևան գալիս։ Փաշինյանը, հավանաբար, վախենում է նոր գաղափարներից ու դեմքերից։ Որոշ ուժեր արդեն հանդես են գալիս ժողովրդավարության և անկախության պաշտպանության դիրքորոշմամբ։ Նրանցից ևս, հավանաբար, վախենում է ՔՊ-ն, որը մոտ 8 տարի ռուսամետ ու հակաժողովրդավարական կուրս է վարում և մեծ աղետներ պատճառում պետությանն ու ժողովրդին։ Այս ուժերի հետ համեմատությամբ՝ Փաշինյանին ևս կարելի է որակել նախկին և հավասերեցնել նախկինում ռուսամետ ու ոչ ժողովրդավարական կուրս վարողների հետ։ Եվ այս առումով՝ նախկինների մասին խոսույթը հենց ՔՊ-ի դեմ է։
Պարզ ասած՝ նախկինացավը աննորմալ է, այլասերում է քաղաքական խոսույթը, դիմազրկում քաղաքական ուժերին, քայքայում քաղաքական համակարգը։ Ովքեր հիշում են 2021-ի ընտրություններն ու արդյունքում վարված քաղաքական կուրսը, կարող են հաստատ ասել, որ նախկինացավը ոչ մի լավ բան չտվեց, միայն աղետներն ու կորուստներն ավելացան։ Ուստի՝ ժամանակն է՝ առողջացնել քաղաքական խոսույթը՝ սևեռվելով ծրագրերի, գաղափարների, նպատակների, ապագայի վրա։ Իսկ եթե Փաշինյանն այս անգամ էլ մնա նախկինների մասին խազած վինիլի վրա, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ն սպառվել է, ասելիք չունի, վախենում է մրցակիցներից, ժողովրդից, երիտասարդից, ապագայից։ Այսինքն՝ եթե ՔՊ-ն կրկին խոսի նախկիններից, նշանակում է՝ ուզում է պարտվել, ընդդիմություն դառնալ։
Թաթուլ Մկրտչյան