Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ էր անհետացել։ Նման հայտարարություններ իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում, սակայն զարմանալիորեն առ այսօր իրավապահները հանրությանը չեն իրազեկել, թե անհետացած 17 հազար ինքնաձիգից քանիսն է հաջողվել հայտնաբերել:
Այսօր գրեթե ամեն օր լսում ենք կրակոցների, զենքի գործածությամբ «ռազբորկաների», վիրավորների մասին։ Փաստացի՝ եթե ապօրինի զենքերը չեն հայտնաբերվում, նշանակում է՝ դրանք մնացել են շրջանառության մեջ։
Չի բացառվում նաև, որ երեկ Աջափնյակում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, նախնական տվյալներով՝ վեցը՝ վիրավորվել, այդ անհետացած զենքով է կատարվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը այս համատեքստում հիշեց հայտնի ասացվածքը՝ «վատ պարողին երաժշտությունն է խանգարում, ապա նկատեց, որ դա Հայաստանի իշխանութունների մասին է։
Նրա խոսքով՝ իշխանությունները տեղի ունեցող միջադեպերը հաճախ փորձում են կապել տարբեր ժամանակների իրադարձությունների հետ՝ պատասխանատվությունը տեղափոխելով անցյալ։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ պատերազմներն ու տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, կարող են ստեղծել բարդ իրավիճակներ, սակայն այն ամենը, ինչ կապված է զենքերի անհետացման, դրանց ապօրինի շրջանառություն և դրա հետևանքով մարդկային կորուստների ու վիրավորումների հետ, վկայում է վերահսկողության պակասի և ներքին անվտանգության ոլորտում համակարգային ձախողումների մասին։
Հավելենք նաև, որ պատերազմից հետո քաղաքացիների մոտ անվերահսկելի թվով զինամթերքի առակայության մասին դեռ 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անձամբ էր խոսել։
Նա հայտարարել էր, որ հենց իր որոշմամբ է այդ զենքը քաղաքացիներին բաժանվել՝ չպարզաբանելով սակայն՝ ինչ կարգով է զինամթերքը տրամադրվել քաղաքացիներին և ինչ քայլեր են ձեռնարկվում՝ դրանք հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում: