ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում ընդունեց ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված աղմկահարույց նախագիծը, որով կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումներ ունեցող քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի անընդմեջ աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։
Որոշման ամենախոցելի կետերից մեկը «բացառիկ նվաճում» հասկացության երկակի մեկնաբանություններն են, ինչը կարող է արտոնյալ խմբերի համար բանակից խուսափելու օրինական ճանապարհ դառնալ։
«Նման հիմքեր ունեն կասկածելու տարբեր մարդիկ, ում հետ ես խոսել եմ, որովհետև դա շատ սուբյեկտիվ է և շատ դժվար է գնահատել»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց Ատոմ Մխիթարյանը, սակայն հավելեց, որ գոյություն ունեն նաև որոշակի հստակեցված կանոններ։
«Չնայած ասեմ, որ կա նաև համապատասխան կարգ, որը Կառավարությունն է ընդունել, և հատուկ Կառավարության որոշմամբ են նրանք, օրինակ, ուսման տարիներին բանակային ծառայությունից տարկետում ստանում։ Ամենայն հավանականությամբ հենց նրանց էլ վերաբերելու է այդ երեք տարի սովորելը»,- կարծիք հայտնեց փորձագետը։
Վերջինիս պարզաբանմամբ՝ խոսքը վերաբերում է սպորտի և արվեստի բնագավառում աշխարհի չեմպիոն կամ գավաթակիր դարձած երիտասարդներին, ինչպես նաև նրանց, ովքեր սովորում են Շանհայի վարկանիշավորման աղյուսակի աշխարհի լավագույն համալսարաններում։ Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն համապատասխան կազմակերպությունների ու բուհերի ցանկը, որտեղ երեք տարի աշխատելու պարագայում քաղաքացիները կազատվեն ծառայությունից։
Հարցին՝ արդյոք այս որոշումը չի՞ խախտում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների հավասարության սկզբունքը։ Ստացվում է, որ պետությունը գիտությամբ զբաղվողներին ավելի բա՞րձր է դասում, քան մյուս քաղաքացիներին, Մխիթարյանը պատասխանեց․ «Դա կարող է լինել, բայց մյուս կողմից էլ սա խրախուսում է լավ սովորելը և աշխարհի լավագույն բուհերում սովորելը։ Մյուս կողմից, այս որոշումը հնարավորություն է տալու, որպեսզի այն երիտասարդները, որոնք լավագույն բուհերում սովորում են, վերադառնան Հայաստան»։
Ըստ փորձագետի տրամադրած տվյալների՝ արտասահմանում կրթություն ստացած հայ երիտասարդների վերադարձի ցուցանիշը մտահոգիչ է։ 500-ից ավելի երիտասարդներից, ովքեր սովորում են կամ ավարտել են աշխարհի առաջատար բուհերը, Հայաստան է վերադառնում ոչ ավել, քան 10%-ը։ Պատճառն այն է, որ վերադառնալուն պես նրանք պետք է անցնեն զինվորական ծառայության։
«Շատերը լավ աշխատանքի առաջարկներ են ստանում ու մնում են արտասահմանյան երկրներում՝ Եվրոպայում, Նահանգներում, վերջերս՝ Չինաստանում և այլն։ Իսկ սա հնարավորություն կտա գոնե ուղեղների արտահոսքը մի քիչ թուլացնել։ Չեմ ասում, որ ամբողջությամբ այդ հարցը կլուծվի, որովհետև միևնույն է՝ եթե լավ աշխատավարձ են առաջարկում, օրինակ՝ Նահանգներում, մարդիկ ավելի լավ է հրաժարվեն վերադառնալուց և չհրաժարվեն այդ աշխատանքից։ Բայց որոշների պարագայում գուցե և հետ վերադառնալու հնարավորություն է սա՝ Հայաստանի համար օգտագործելու իրենց ձեռք բերած գիտելիքները»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Այն մտավախությանը, թե քաղաքացին կարող է ընդամենը մեկ տարի ձևական աշխատել, իսկ հետո լքել երկիրը, փորձագետը հստակեցրեց՝ օրենքը պահանջում է երեք տարվա անընդմեջ գործունեություն նույն ոլորտում, և վերահսկողության մեխանիզմներն արդեն նախատեսված են։
«Այո, պետք է նույն ոլորտում լինի։ Եվ գործատուն, ինչքան գիտեմ, մեխանիզմ կա, որ անընդհատ պետք է հաշվետվություն ներկայացնի, որ նա դեռևս աշխատում է իր մոտ, այլապես նա այդ արտոնությունից կզրկվի»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։
Հասմիկ Մովսիսյան