Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 17-02-2026

Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Միքայել Սրբազանը Գյումրի գնաց, ՀԷՑ-ում վթարներն աճել են. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 17-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Իրինա Ատանյանի մեկնաբանությամբ:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նրա նկատմամբ իրականացված դատավարությանը և դատավճռին։ Հայտարարության մեջ ընտանիքը նշում է, որ Ադրբեջանի ռազմական դատարանի որոշումը «սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի»՝ ընդգծելով, որ Վարդանյանի ձերբակալությունից ի վեր գործընթացի արդյունքը կանխորոշված է եղել։ Ընտանիքի պնդմամբ՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը հիմնավորող ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ «Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ», - ասված է հայտարարությունում։ Վարդանյանի ընտանիքը նաև ընդգծել է, որ սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է արել միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար։

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիոսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» բժշկկաան կենտրոնից և տեղափոխվեց Գյումրի: 8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանների միջնորդությունն ու Սրբազանի կալանքը փոխել տնային կալանքով: Ավելի ուշ Միքայել Սրբազանը ոստիկանների ուղեկցությամբ Գյումրի ժամանեց։ Ներկա քաղաքացիները, թեմի ներկայացուցիչները ծափահարություններով ու շարականներ երգելով նրան ողջունեցին։ Սրբազանին դիմավորում էր Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ: Արքեպիսկոպոսը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը, իսկ հոկտեմբերին նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում էր իշխանությունը զավթելու կոչի համար, թեպետ նույն հայտարարության մեջ Դատախազությունն ավելի վաղ հանցակազմ չէր գտել։ Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում, իսկ նրա պաշտպանները ներկայումս դատավճիռը բողոքարկում են։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ինքը՝ Աննա Հակոբյանը։ «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ»,- գրել է Աննա Հակոբյանը՝ չստակեցնելով ի վերջո ինքն ու Փաշինյանը գրանցե՞լ են իրենց ամուսնությունը, թե՞ ընդհակառակը, ամուսնալուծվել են։ Քանի որ մեկնաբանություններում քաղաքացիներից շատերը շնորհավորել են վերջիններիս, կարել է ենթադրել, որ ամուսնությունն այնուամենայնիվ գրանցվել է։ Հիշեցնենք, որ 2024-ի դեկտեմբերի վերջին Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մի տեսանյութ էին հրապարակել՝ նշելով, որ առ այսօր իրենց ամուսնությունը չեն գրանցել։ Հենց այս տեսանյութից հետո հանրության լայն շերտերը Աննա Հակոբյանին ոչ թե վարչապետի տիկին էին անվանում, այլ քաղաքացիական կինը։

Մանրամասները՝ տեսանյութում: