Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:06 26-12-2025

Վեհափառի ուղերձը Հ1-ով էլի չի հնչի, Միքայել Սրբազանը վիրահատվել է, Բայրամովը ՀՀ կգա՞. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այս տարի ևս Ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերության եթերում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձը չի հնչի։ Հանրային հեռուստաընկերության կայքում արդեն իսկ հրապարակվել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Ըստ դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձի հեռարձակումը: Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից: Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել Լուրերի գլխավոր թողարկման ընթացքում, սակայն Էջնիածինը մերժել էր այս առաջարկը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը ավարտվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է բարեհաջող: Միքայել Սրբազանը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել: Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կմասնակցի 2026 թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Այսօրվա ասուլիսին Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հենց Զուրաբյանն էլ լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Նա հավելեց՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: «Ուզում եմ տեղեկացնել, որ այն, ինչ ասում եմ, անշուշտ, քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Տեղյակ եմ պահում, որ միաձայն որոշվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Մանուկյանը։ ՀԱԿ-ի վարապետի թեկանծու Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ հնարավոր համագործակցությանը և փաստացի չբացառեց այն։ «Մենք բավականին երկար բանակցել ենք այդ ուժի հետ, այս վերջին ամիսներին նման խոսակցություն և բանակցություն չկա։ Թե ինչ կլինի՝ չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի են իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես որպես մեղադրանք չեմ ներկայացնում: Ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ-որ մեկին հատուկ չեմ բացառում։ Ես կարծում եմ, որ կան ավելի կարևոր ուժեր, որոնց հետ արժե լրջորեն բանակցել»,- նշել է Լևոն Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: