Այսօր հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ, գրող և հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 91-ամյակն է։
Հոբելյանական օրվա առիթով
Oragir.News-ը զրուցել է Մաթևոսյանի մտերիմ ընկերներից մեկի՝ հայ գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի հետ՝ հիշելով գրողին, նրանց հանդիպումներն ու համատեղ ծրագրերը։
Սևադայի խոսքով՝ Մաթևոսյանի հետ առաջին հանդիպումը Հայաստանում էր․ նրան ներկայացրել էին Վանո Սիրադեղյանի միջոցով։ Մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն արդեն կարդացել էր գրողի գործերը և մեծ ակնածանք ուներ նրա հանդեպ։
Առաջին հանդիպումը կարճ է եղել, առանց երկար զրույցի։ Ավելի ուշ, երբ Սևադան վերադարձել է Լոս Անջելես, տեղեկացել է, որ Մաթևոսյանն էլ է այնտեղ, կապ է հաստատել, և այդ օրվանից սկսվել է նրանց ակտիվ շփումը։
«Առաջին օրը պարզապես հանդիպեցինք, բայց արդեն հաջորդ օրից մեր շփումը շատ ակտիվ դարձավ։ Գրեթե ամեն օր հանդիպում էինք, միասին գնում էինք Լոս Անջելեսի սարերը, շրջում, զրուցում։ Ինքը այդ լեռները համեմատում էր Հայաստանի լեռների հետ։ Ժամերով խոսում էինք տարբեր թեմաներով։ Շատ բան եմ սովորել իրենից՝ և՛ մտածողության, և՛ մարդկային տեսակի առումով։ Շատ պահանջկոտ մարդ էր՝ իր սկզբունքների և արվեստի հանդեպ»։
Նկարիչը պատմում է, որ Լոս Անջելեսում մտադիր էր Մաթևոսյանի հետ իրականացնել նաև գրքային նախագիծ՝ հարցազրույցների ձևաչափով։ Խոսքը տարբեր լրագրողների հարցուպատասխանների հիման վրա կազմվող գրքի մասին էր, որին ինքը ցանկանում էր ավելացնել նաև լրացուցիչ հարց՝ սփյուռքի թեմայով։ Նախագիծը, սակայն, չի հասցվել ավարտին։
«Ես առաջարկեցի, որ իր հարցազրույցների հիման վրա գիրք տպենք, ու ես տամ տասներկուերորդ հարցը՝ սփյուռքի մասին, որովհետև ոչ մեկը այդ թեմայով չէր հարցրել։ Հարցը գրեցի, տարա, կարդաց։ Ասաց՝ շատ գեղեցկագրական է գրված, բայց թող մնա։ Պիտի գրավոր պատասխաներ, բայց օրեցօր հետաձգվում էր։ Ցավոք, արդեն իրեն վատ էր զգում, վերադարձավ Հայաստան և նույն տարում մահացավ։ Գիրքն այդպես էլ չտպագրվեց, թեև ձևավորումն ու լուսանկարներն արդեն պատրաստ էին»,- պատմում է նա։
Սամվել Սևադայի խոսքով՝ Մաթևոսյանը խոհուն, հաճախ լռող, բայց խորքային դիտարկումներ անող մարդ էր։ Երկար զրույցների ընթացքում պատմում էր հիշողություններ և մտքեր, որոնք, ցավով է նշում, չեն ձայնագրվել և մնացել են միայն հիշողության մեջ։
Անդրադառնալով նոր սերնդի և մշակութային ընկալումների փոփոխությանը՝ Սևադան ընդգծում է, որ այսօր տեղեկատվության հասանելիությունը շատ ավելի մեծ է, սակայն պակասել է կենդանի շփումը արվեստագետների միջև։
«Այսօրվա երիտասարդների հնարավորությունները շատ ավելի մեծ են․ ինտերնետով կարող են տեսնել, կարդալ, լսել ամեն ինչ։ Մեր ժամանակ դա չկար, շփվում էինք արվեստագետների հետ, սրճարաններում, կենդանի միջավայրում։ Հիմա դրա կարիքը շատերը չեն զգում։ Դա բնական փոփոխություն է․ յուրաքանչյուր սերունդ տարբերվում է նախորդից։ Կենդանի շփումը, իհարկե, չի կարող ամբողջությամբ փոխարինվել սոցցանցերով, դրանք տարբեր բաներ են»,- ասում է նա։
Խոսելով այն մասին, թե ինչպես կարձագանքեր Հրանտ Մաթևոսյանն այսօրվա իրողություններին, Սևադան նշում է, որ դժվար է միանշանակ գնահատել, սակայն վստահ է՝ նրա խորքային մտածողությունը թույլ կտար հասկանալ և վերլուծել ժամանակի փոփոխությունները։
Մանրամասները՝ տեսանյութում: