Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 06-02-2026

Ալեն Սիմոնյանը շատ հիմար մարդ ա, ամո՛թ իրանց, որ բան չեն ասել․ հարցում՝ հիբրիդային պատերազմի մասին

Որքան մոտենում են հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այնքան իշխանականներից ավելի հաճախ ենք պնդումներ լսում, որ Հայաստանի նկատմամբ ինչ-ինչ դերակատարներ հիբրիդային պատերազմ են վարում։

Նման հայտարարություններ առավել հաճախ Ալեն Սիմոնյանն է անում։ Թեպետ իշխանության ներկայացուցիչները ուղիղ չեն հայտարարում, թե արտաքին ո՞ր դերակատարն է հիբրիդային պատերազմ մղում, այնուամենայնիվ ակնհայտ է, որ այդ մեղադրանքները հիմնական ուղղվում են հյուսիս՝ Ռուսաստանի Դաշնությանը։

Պրոիշխանական գործիչներն ու փորձագետներն այս մասին բաց են խոսում՝ պնդելով, որ հենց Ռուսաստանն է հիբրիդային պատերազմ վարում, որպեսզի Հայաստանում իր համար նախընտրելի ուժերին իշխանության բերի։

Ուշագրավ է, որ երեկ ինքը՝ Սիմոնյանը, Ռուսաստանում էր, հանդիպումներ ունեցավ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն այդպես էլ հարց չբարձրացրեց, կամ չմեղադրեց Մոսկվային՝ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ։ Ավելին՝ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները առնվազն տարօրինակ են, սակայն Սիմոնյանն չհակադարձեց դրանց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին կոչ չարեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ չվարել»։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ ՔՊ-ականներին ասածներն ու արածները չեն ցանկանում մեկնաբանել։

«Ես ընդհանրապես իրանց տանել չեմ կարողանում»,- ասաց մի կին։

«Ես չեմ ուզում նրանց մասին ընդհանրապես խոսեմ, աղջիկ ջան։ Զզվում եմ նրանց ամեն քայլից, ամեն արարքից, ոչ մի ձև չեմ ուզում մեկնաբանեմ։ Ինչ էլ ասեն՝ անիմաստ խոսակցություն ա»,- նշեց մի ուրիշ քաղաքացի։

«Չեմ կարող ասել։ Ես ընհանրապես իրանց չեմ ընդունում»,- նշել մեկ այլ կին։ Քաղաքացիներից ոմանք էլ Սիմոնյանին ամոթանք տվեցին։

«Ամոթ իրանց։ Չեմ կարող ասել»,- ասաց մի տղամարդ։

«Ալեն Սիմոնյանը շատ հիմար մարդ ա»,- ասաց մի կին։ Ճշտող հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում՝ նա նշեց․ «Իմ կարծիքն ա»։

Որոշ քաղաքացիներ էլ հրաժարվեցին պատասխանելուց՝ ընդգծելով, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

Մանրամասները՝ տեսանյութում