Բժիշկ Ռուզաննա Շարխատունյանի ֆեյսբուքյան գրառումը.
Համընդհանուր ապահովագրական համակարգը ներդնողների հանճարի ու բժիշկների առօրյայի մասին
Այսօրվա դեպք է։
Համընդհանուր ապահովագրություն ունեցող հիվանդին ուղեգրել էի հետազոտման՝ էխոկարդիոգրաֆիայի և որոշ անալիզներ հանձնելու։ Նա գնացել էր հիվանդանոց, անցել հետազոտություններն ու եկել։ Հարցնում եմ՝ բա պատասխաններն ու՞ր են։ Ասում է՝ ինձ ասացին՝ կցել ենք Արմեդին, թղթայինով այլևս չենք տալիս, այլևս պետք չի։
Բացում եմ Արմեդը՝ ոչ մի պատասխան չկա։ Զանգում եմ հիվանդանոց, ասում են՝ մենք բոլոր հետազոտությունները կցել ենք։
Ենթադրելով, որ սա Արմեդի հերթական տեխնիկական խոտանն է՝ զանգում Արմեդ։ Բացատրում եմ իրավիճակը օպերատորին, որ հիվանդանոցը հետազոտությունները կցել է Արմեդ համակարգին, բայց ինձ մոտ չի երևում։
Ու... այստեղ սկսվում է կինոն։
Արմեդի օպերատորը պատասխանում է՝ դա տեխնիկական խնդիր չէ, դուք չեք կարող տեսնել հետազոտությունների արդյունքները։
Հարցնում եմ՝ այսինքն ո՞նց չեմ կարող տեսնել, ինչու՞։
- Դե այդպես է, չեք կարող տեսնել, էլի։
- Բայց ինչու՞ չեմ կարող տեսնել։
- Որովհետև դա բժշկական գաղտնիք է։
Մի րոպե ուղեղս կախեց։
Հետո ինձ հավաքեցի ու շատ սիրալիր տոնով շարունակեցի՝
- Հասկացա։ Շնորհակալ եմ պարզաբանելու համար։
Իսկ մի բան էլ հարցնեմ, եթե կարելի է։
-Հա, իհարկե - շատ ուրախացել էր իմ սիրալիր տոնից։)))
- Ձեր կարծիքով, ես ինչի՞ համար եմ հիվանդին ուղարկում հետազոտման։ Զուտ՝ հետաքրքիր է ձեր կարծիքն իմանալ։
- Ըըըըը ....
- Ձեր մտքով չի՞ անցնում, որ ես հիվանդին հետազոտման եմ ուղարկում, որպեսզի տեսնեմ՝ ինչ խնդիր ունի։
- Ըըըըը...
- Թե՞ ուղղակի ինքնանպատակ է, ուղարկում ենք, էլի՝ թող մի հատ էլ սրտի էխո ունենա։
- Մի րոպե սպասեք, ես ճշտեմ։
Մի րոպեից՝
- Չէ, միևնույն է, չեք կարող տեսնել պատասխանը։ Դա բժշկական գաղտնիք է։