Ներքին 4 ամիս առաջ - 19:04 04-02-2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման արարողությանը։

«Այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ իմ կամ Ադրբեջանի նախագահի գալն այստեղ ու արժանանալ այս պատվին»,– ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա` այս մրցանակը նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է, որի շնորհիվ ամրապնդվում է խաղաղությունը մեր տարածաշրջանում ու խորհրդանշում քրիստոնյա և մահմեդական աշխարհների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին և տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստնություն։ Կարծում եմ, որ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի»,– համոզված է Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, սակայն երկու երկրների ժողովուրդների` նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձրել այս պահը։

«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Մենք պատերազմի մեջ էինք գրեթե 40 տարի։ Հիմա մենք խաղաղության մեջ ենք վեց ամիս։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Սա յուրահատուկ զգացողություն է»,– նշեց ՀՀ վարչապետը։