«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանի կողմից ամուսնական բռնության մասին բարձրաձայնելուց հետո իրավական գործընթացները նոր ընթացք են ստացել։
Ներկայումս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական և հոգեկան ներգործություն կատարելու կասկածանքով։
Գործի շրջանակներում ի հայտ են եկել ուշագրավ փաստեր. մասնավորապես, վարույթից անջատվել է առանձին մաս, որտեղ ամուսինը՝ Գևորգ Անդրեասյանը, հանդես է գալիս որպես ենթադրյալ տուժող։ Վերջինս իրավապահներին հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, թե կինն է իր նկատմամբ բռնություն կիրառել։
Հարկ է նշել, որ Գևորգ Անդրեասյանը նախկինում ևս ունեցել է խնդիրներ օրենքի հետ և դատապարտված է եղել ապօրինի կերպով ատրճանակ պահելու, ինչպես նաև առանց վարորդական վկայականի մեքենա վարելու համար։
Այս ամենը հաջորդում է դերասանուհու հրապարակած այն աղմկահարույց տեսանյութին, որտեղ նա փաստեր էր ներկայացնում ամուսնու կողմից ենթադրյալ ծեծի ենթարկվելու վերաբերյալ։