Արդարադատության նկատմամբ վստահությունն ուղիղ համեմատական է քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակին։
Փետրվարի 2-ին դատարանը մերժեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի և պատմության դասագիքի հեղինակի։ Սակայն, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ դատարանը հստակ արձանագրել է, որ Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է, քանի որ կայացվել է ուժի սպառնալիքի տակ։ Դատարանի այս վերաբերմունքն ապահովում է որոշակի արդարություն հայցվորի համար։ Այսպիսով՝ դատարանն անդրադարձել է քաղաքական մեծ իրադարաձություններին տալով իրավական գնահատական։ Սա նոր դուռ կարող է բացել քաղաքական իրադարձությունների ընկալման, գնահատման, պատմության մեջ համարժեք շարադրման համար։
Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր գործիչները, հայցեր չեն ներկայացնում, որ պատմության դասագրքերում գրվեն Փաշինյանի աղետալի սխալների մասին։
Պատմության դասագրքերը քաղաքական նշանակություն ունեն։ Պետությունը փորձում է իր քաղաքականության ու արժեքների լույսի ներքո վերաիմաստավորել, վերաշարադրել պատմությունը։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին Փետրվարի 18-ը հիշատակվում էր որպես դաշնակցական ավանտյուրայի օր, իսկ անկախությունից հետո նույն Փետրվարի 18-ը նշվում է որպես ժողովրդական ապստամբության օր։
Բոլոր քաղաքական գործիչները գիտելիքների, դասերի մեծ մասը քաղում են պատմության գրքերից։ Հետևապես՝ շատ կարևոր է, որ իրադարձությունները ներկայացվեն այնպես, որ վաղվա քաղաքական գործիչը նույն սխալը չկատարի, նույն ողբերգությունը չպատճառի ժողովրդին ու պետությանը։
Մասնավորապես՝ այսօր անհրաժեշտ է շեշտը դնել 2018-ի հեղափոխության վրա, փորձելով ապացուցել, որ այն իրականացվել է արտաքին ուժերի աջակցությամբ։ Այս թեման վերջին շրջանում ակտուալ է։ Գրեթե բոլորը խոսում են հիբրիդային սպառնալիքների մասին։ Այսինքն՝ ակնարկում են, որ իշխանության ձևավորման վրա առաջիկայում կարող են ազդեցություն ունենալ արտաքին ուժերը, մասնավորապես՝ Մոսկվան։ Եվ դա ազգային անվտանգային լուրջ սպառնալիք լինելուց զատ նաև քաղաքակրթական սպառնալիք է։ Այս մասին մտահոգություն են հայտնում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ այս սպառնալիքի դեմն առնելու համար Հայաստանին են տրամադրում միլիոնավոր եվրոների օգնություն։ ՔՊ-ական իշխանություններն էլ սլաքներն ուղղում են ընդդիմադիր ուժերի կողմը, նրանց մեղադրելով արտաքին ուժերի հետ գործակցելու, ռուսական շահեր սպասարկելու մեջ։
Այսօրինակ ՝ մեղադրանքներին հակադարձելու համար ընդդիմադիր գործիչները կարող են հայցեր ներկայացնել դատարան, փորձելով հիմնավորել, որ 2018-ին Մոսկվան է կազմակերպել թավշյա հեղափոխությունը Հայաստանում, տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը և ֆորպոստի վարչապետ կարգել Նիկոլ Փաշինյանին։ 2025-ի հունիսի 19-ին Փաշինյանն անձամբ է խոստովանել, որ ֆորպոստի վարչապետ է եղել 2018-2022-ին։ Այսպիսի մի շարք փաստերի և վկայությունների համադրությամբ կարելի է ապացուցել, թե ինչ է եղել իրականում 2018-ին և պարտավորեցնել ԿԳՄՍՆ-ին պատմության դասագրքերում գրել ճշմարտությունն այդ մասին, որ վաղվա քաղաքական գործիչը նույնպիսի աղետալի սխալ քայլեր չանի, ողբերգություն չպատճառի պետությանն ու ժողովրդին։ Գուցե պատմության այսպիսի վերաշարադրումներից հետո հիբրիդային սպառնալիքները կվերանան։
Սրանից զատ ընդդիմադիր ուժերը կարող են հայց ներկայացնել, որ 44-օրյա պատերազմի պատճառների մասին ևս ճշմարտությունը գրվի դասագրքում։ Այս հարցում որպես վկա կարելի է ներգրավել Անդրանիկ Քոչարյանին, որը մի քանի տարի քննիչ հանձնաժողովի նախագահն է եղել զեկույց կազմել։ Հայցի առարկա է նաև ՀՀ ինքնինշխան տարածքների զավթման մասին պատմությունը, որի մասին ՔՊ-ական որոշ պատգամավորներ ասում են, թե դրանք զավթվել են ռուսների գործուն աջակցությամբ։ Եթե այդ կարծիքի հեղինակները կարողնանան դրանք ապացուցել դատարանում, ապա դատարանը հիմք կունենա ԿԳՄՍՆ-ին պարտադրել, որ պատմության դասագրքերում այդպես գրվի։
Կարճ ասած՝ Սամվել Շահրամանյանը կարևոր դուռ բացեց։ Եթե այս նախադեպը կիրառվի այլ դեպքերով, ապա կարելի է հուսալ, որ առաջիկայում մեր պատմությունը կազատվի հիբրիդային ազդեցության հետքերից, խորհրդային բռնազավթման իներցիայից, կարտացոլի Հայաստանի անկախության և ժողովրդավարության լույսը։
Թաթուլ Մկրտչյան