Հարկատուներին հետաքրքիր է, թե իրենց տրամադրած միջոցներն ի՞նչ ազգանպաստ գործերի վրա են ծախսվում։ Այս առումով՝ օրինաչափ է հանրության վրդովմունքը, երբ դրանք ծախսվում են իշխող կուսակցության ընտրարշավի վրա։ Ավելին՝ հարկատուների միջոցները ընտրարշավի վրա ծախսելու փաստը ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ դնելու հիմք է։
««Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել»: Այս մասին փետրվարի 1-ին Մրգաշատ համայնքում լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Իմ տեղեկություններով՝ կուսակցության միջոցներով է անցկացվել»,- հավելել է նա:
Նախարարի պատասխանի սուբյեկտիվությունն ինքնին հիմք է ենթադրելու, որ այս հարցի վերաբերյալ կարող են լինել այլ կարծիքներ՝ հիմնված այլ տեղեկությունների և ենթադրությունների վրա։
Անցյալ տարի նման հարց ծագել էր նաև «Կրթվելը նորաձև է» արշավի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը պարբարաբար դահլիճային մեծ հանդիպումներ էր կազմակերպում քաղաքացիների հետ, ելույթներ ունենում։ Մեծ ծախսեր էին կատարվում այդ հավաքները կազմակերպելու և վարչապետի մասնակցությունն ապահովելու համար։ Հանրության մի մասի կարծիքով՝ այդ հանդիպումները ձանձրալի էին, անհետաքրքիր, անհասկանալի, անիմաստ։ Եվ մարդկանց հետաքրքրում էր, թե ո՞ւմ փողերով են այդ միջոցռամուները կազմակերպվում։ ՔՊ-ական որոշ գործիչներ կուրծք էին ծեծում ժողովրդին համոզելու համար, թե այդ հավաքները կազմակերպելիս հարկատուների միջոցներ չեն ծախսվում։ Սակայն որոշ ժամանակ անց վարչապետի աշխատակազմի ղեկավարը, հետո նաև վարչապետը լրագրողների հարցերին ի պատասխան՝ հաստատեցին, որ «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում դահլիճային հանդիպումները կազմակերպվում են հարկատուների միջոցներով, քանի որ դրանց մասնակցում է վարչապետը, և այդ միջոցառումները վարչապետի համար առաջնահերթություն են։
Ի՞նչ ընդհանրություն կա «Կրթվելը նորաձև է» արշավի և «Վարչաբենդի» դիսկոտեկի միջև։
Այստեղ կարելի է նկատել մեկից ավելի ընդհանրություններ։ Առաջին ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ միջոցառման առանցքում Նիկոլ Փաշինյանն է։ Հաջորդ էական ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի միջոցառումներ են։ Երկու պարագայում էլ քարոզվում է Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Մի տեղում դա արվում է դասախոսության տեսքով, մյուսում՝ երգի, երաժշտության, պարի։ Երկուսի նպատակն էլ պատրանք ստեղծելն է, թե Փաշինյանը ժողովրդականություն ունի։
Այս ընդհանրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ եթե «Կրթվելը նորաձև է» արշավի հավաքները կազմակերվել են պետական բյուջեի միջոցներով, ապա «Վարչաբենդի» համերգ-դիսկոտեկը ևս նույն փողերով է կազմակերպվել։
Հավելենք նաև, որ ըստ չճշտված վարկածի, «Վարչաբենդի» երաժշտական գործիքները նույնպես ձեռք են բերվել պետբյուջեի հաշվին։ Դեկտեմբերին ԱԱԾ-ն 16 մլն դրամով երաժշտական գործիքներ էր գնել։ Ենթադրելի է, որ դրանք կիրառվել կամ կիրառվելու են «Վարչաբենդի» համերգների ժամանակ։
Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ նախարար Գևորգ Պապոյանը կա՛մ տեղյակ չէ, թե որտեղից և ինչքան փող է ծախսվել «Վարչաբենդի» համերգ-դիսկոտեկի վրա, կա՛մ ստում է։ Իսկ եթե պարզվի, որ պետբյուջեից ոչ թե 0, այլ 10 դրամ է ծախսվել այս միջոցառման վրա, ապա Պապոյանն ի՞նչ կանի։ Հետաքրքիր է՝ նա հրաժարական կտա՞, եթե վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ Նիկոլ Փաշինյանն այս անգամ ևս պարզ հայտարարեն, որ «Վարչաբենդի» համերգ-դիսկոտեկի կազմակերպման և անցկացման համար, մասնավորապես՝ գործիքների, սարքավորումների ձեռք բերման, երաժիշտների, պարողների ներգրավման, նրանց վարձատրման, սրահի վարձակալման, միջոցառման և վարչապետի անվտանգության ապահովման ծախսերը կամ դրանց մի մասը կատարվել են հերոս հարկատուների միջոցներից։
Ողջամտորեն ենթադրելի է, որ նախարարը լավատեղյակ չէ, նրա ունեցած տեղեկություններն ամբողջական չեն։ Իսկ եթե պարզվի, որ ստում է, ապա հարկատուները կարող են ակնկալել նրա հրաժարականը, քանի որ անկախ և ժողովրդավարական Հայաստանում չեն կարող լինել ստախոս նախարարներ։
Թաթուլ Մկրտչյան