Ներքին Միտք 4 ամիս առաջ - 22:13 30-01-2026

Հոգևորականը բանակի «խիղճն» է և զինվորի «հոգևոր թիկունքը». այս աննախադեպ հետքայլը հարվածում է մեր գենետիկական հիշողությանը

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սուրեն Պապիկյանի որոշմանը` մասնավորապես նկատելով.

«Քիչ առաջ գնդերեց Տեր Պսակ քհն. Մկրտչյանը հայտարարություն արեց, որ. «ՊՆ հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից»: ՊՆ-ն ևս հաստատեց:

ԶՈւ հոգևոր սպասավորությունը լուծարելը, եկեղեցիների դռները զինվորի, վիրավորի, բուժվողի, բուժանձնակազմի առջև փակելը պարզապես վարչական որոշում չէ, այլ մեր նորագույն պատմության մեջ մի աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և ընդհանրապես հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին, մեր գենետիկական հիշողությանը:

Եկեք տեսնենք, թե ինչից է զրկվում Հայոց Բանակը.

1. ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորությունը եղել է հայկական բանակի մարտունակության և զինվորի հոգեկան տոկունության անբաժանելի մաս, ներքին ամրության, կարգապահության և զինվորի հոգեկան առողջության կարևորագույն հենասյուներից մեկը։

2. Հոգևորականն այն մարդն է, ով զինվորի կողքին է ամենածանր պահին՝ պատերազմի ժամանակ, փարատելով մահվան վախը, որի դեմ միակ իրական մխիթարությունը հավատն է Աստծո ներկայության մեջ հավիտենական կյանքի և նահատակության սուրբ պսակի հանդեպ։

3. Հոգևորականն աղոթքով, հոգևոր զրույցով օգնում է զինվորին բուժել պատերազմների, մարտական առաջադրանքների ընթացքում ստացած հոգեբանական վերքերը՝ մարտընկերների կորուստը և այլն, որոնք աշխարհիկ հոգեբանության համար հաճախ անհասանելի են։

4. Հոգևորականը բանակի «խիղճն» է և զինվորի «հոգևոր թիկունքը»։

5. Հոգևորականի ներկայությունը զինվորի մեջ վառ է պահում պատմական հիշողությունը, երբ Վարդանանց, Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերում հաղթել է «վասն հավատո և վասն հայրենյաց» մարտնչած հոգևոր դասի և աշխարհականի միասնությունը: Դարեդար հայ հոգևորականը մշտապես եղել է առաջնագծում, զինվորի կողքին:

6. ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորության եկեղեցիներում զինվորականները (ծառայող կամ բուժման մեջ գտնվող), բուժանձնակազմը ստանում էին հոգևոր սնունդ՝ Ս. Հաղորդության, Ավետարանի քարոզի տեսքով: Հոսպիտալների և Ռազմական Ակադեմիայի եկեղեցի-մատուռների փակումը կզրկի նրանց այդ հոգևոր սննդից ու խնամքից:

7. Եկեղեցին կառուցվում և օծվում է որպես «Աստծո տուն»։ Այնտեղ Ս.Պատարագի մատուցման դադարեցումը ոչ թե մի պարզ շենքի փակում է, այլ տվյալ վայրից Աստծո օրհնության ու շնորհի հոսքի կասեցում։

8. Եկեղեցում աղոթքի ու Պատարագի բացակայությունը տվյալ վայրը դարձնում են հոգևորապես անպաշտպան:

9. Հայ զինվորը հաղթել է նաև հավատով: Մեր նորագույն պատմության մեջ Շուշիի անառակ բերդի գրավումը խաչերը մեջքներին կրող մարտիկներին միայն Աստծո շնորհով, հոգևորականի օրհնությամբ և աղոթքով կարող էր հաջողվել:

10. Հոգևորականը պատերազմի արհավիրքներից հետո օգնում է զինվորին վերադառնալ բնականոն կյանքին և հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը:

11. Բանակում հոգևորականի բացակայությունը որպես կանոն բերում է ինքնասպանությունների, բարոյալքման և կարգապահական խնդիրների աճի։

12. Բանակում հոգևորականն այն անձն է, ով կարողանում է սփոփել, աղոթքով, հուղարկավորության կամ բժշկության կարգերով մխիթարել զոհվածների կամ վիրավորների հարազատներին։

ԱՅՍՊԻՍՈՎ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության լուծարումը ոչ թե առաջադիմություն է, այլ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ, որը թուլացնում է մեր զինվորի հոգևոր զրահը։

Թող Տեր Հիսուս Քրիստոս զորացնի հայոց բանակում ծառայած բոլոր մեր գնդերեց հոգևորականներին, ովքեր առաջնորդվեցին Սուրբգրային սկզբունքով. «Ավելի լավ է հնազանդվել Աստծուն, քան մարդկանց» (Գործք 5:29)»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան