Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 09:46 28-01-2026

Հունվար 28 շնորհավոր, փա՜ռք նահատակներին

Բանակի օրը մեր պետության ամենալուսավոր տոներից մեկն է։ Այն ասոցիացվում է տղամարդկության հետ, իմաստավորվում հաղթանակներով, իսկ պարտությունն ու կորուստը հիշելիս, վրեժով լցնում քաղաքացիների սրտերը։

Տոնը դեռ լայն քաղաքացիություն չի ստանում։ Հանրության տարբեր շերտերը տոնում են տարբեր կերպ։ Մեծ մասի կարծիքով՝ Հունվարի 28-ը զինվորի տոնն է։ Ընդհանուրը՝ զինվորի կենացն է, որն այսօր բարձրացվում է բոլոր սեղաններին։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ իշխանության ներկայացուցիչները Եռաբլուր են այցելել երեկ՝ հունվարի 27-ին։ Նահատակների հիշատակը պարտավորեցնում է քաղաքացիներին, առաջին հերթին՝ քաղաքական համայնքին լինել խիզախ, ազնիվ, հայրենիքի, ժողովրդի ազատության համար ամենօրյա պայքարի նվիրյալ։

2020-ի հետպատերազմյա ճգնաժամի շրջանում Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արդիացնել բանակը։ Դրա ուղղությամբ կատարված աշխատանքը մնում է գաղտնի։ Հայտնի է միայն, որ պաշտպանական բյուջեն կրճատվել է։ 2024-ի նոյեմբերին հաստատվել է Բանակի կերպափոխման հայեցակարգը։ Սակայն նկատելի տեղաշարժ չկա այստեղ նախանշված նպատակների ուղղությամբ։ Բարձր մակարդակներով խոսում են պաշտպանության քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, ռուսական կախվածությունից ազատվել մասին։ Բայց այստեղ էլ նկատելի քիչ բան կա, չհաշված սառեցված ՀԱՊԿ անդամությունը, ֆրանսիական ու հնդկական մի քանի միավոր զենքերը։ Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին դեռևս կանգնած են ռուսական զորքերը, ինչը չհիմնավորված կասկած է առաջացնում, որ Հայաստանն իր սահմաններն իր բանակով պաշտպանելու ունակ չէ։ Այս հատվածներում քաղաքականություն են որոշում ռուսական զորքերը։

Հանրությունն ակնկալում էր, որ բանակի արդիացումը տեղի կունենա ՆԱՏՕ-ական չափանիշներով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի աջակցությամբ։ Բայց առաջընթաց չի նկատվում, չհաշված զինվորական նոր համազգեստը, որը նատօական համազգեստին նման է։

Տոնական այս օրով մտահոգիչ է մնում բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ քրեական հետապնդումները։ Հավելյալ տխրություն է հաղորդում խաղաղ պայմաններում զոհերի թիվը։ Իսկ վերջին պատերազմներում տված հազարավոր զոհերի կորստի վիշտը խունկի պես մխում է մարդկանց սրտերում։ Առանձնակի ցավ է պատճառում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու պատանդների շինծու դատավարությունը և ՀՀ ղեկավարության անկարողությունը նրանց ազատելու, հայրենիք վերադարձնելու հարցում։

Բանակի օրը լավ առիթ է, որ պաշտպանական քաղաքականություն որոշողները դիրքորոշում հայտնեն, որպեսզի ժողովրդի և աշխարհի համար պարզ լինի, թե որոնք են ՀՀ պաշտպանական խնդիրները, առաջնահերթությունները, հավակնությունները, կարմիր գծերը և այլն։ Ցավոք՝ այդպիսի բովանդակային խոսք չկա։ ՀՀ իշխանությունը տնտեսական հայեցակարգ ներկայացրել է, սակայն պաշտանական հայեցակարգ դեռ չկա։

Արցախի զավթված լինելու, ՀՀ որոշ տարածքներում թշնամու ներկայության պայմաններում խաղաղության մասին խոսքը քննադատության տեղիք է տալիս։ Ու չնայած ՔՊ-ական իշխանությունները չեն արդարացնում հանրության ակնկալիքները բանակի արդիացման և պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, այնուամենայնիվ հույս կա, որ զինվորականությունը կմնա իր առաքելության մեջ, և պատվով կկատարի պետության պաշտպանության ազգանվեր առաջադրանքները։

Եվ ուրեմն՝ փա՜ռք բանակին, փա՜ռք զինվորականությանը, ժողովրդի ազատության համար նահատակներին։ Իսկ յուրաքանչյուրս անենք հնարավոր ամեն ինչ, որ տեսնենք այն օրը, երբ կվերականգնվեն մեր ազգային իրավունքները, երբ Հունվարի 28-ը ոչ միայն ազգային, այլև իրապես ժողովրդական ուրախ, լուսավոր տոն կդառնա, սիրով, ուրախությամբ ու ջերմությամբ կլցնի բոլորի սրտերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի