Ներքին 4 ամիս առաջ - 21:16 18-01-2026

1903-ին բռնաճնշումները ղեկավարում էին ցարական պաշտոնյաները, իսկ այսօր ՀՀ վարչապետը․ Լևոն Չիդիլյան

Վիրահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը գրառում է կատարել, անդրադառնալով ցարական բռնազավթման շրջանում հայ եկեղեցական գույքի բռնագրավման օրենքին, եկեղեցու դիմադրությանն ու ժողովրդական պայքարին, զուգահեռ տանելով եկեղեցու դեմ վարվող ներկա իրադարձությունների հետ․

«Հայ Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը

1903թ հունիսի 12-ին Ռուսական կայսրությունը հրապարակեց «Հայ Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք», որը բացառապես նպատակ ուներ զրկել մեր Եկեղեցին ինքնավարությունից և նյութական անկախությունից, սակայն մամուլում այդ գործողությունները ներկայացվում էին որպես բարեփոխում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռուսական կայսրությունում կրոնական միակ կազմակերպությունն էր, որն ուներ ընտրված եւ կառավարությունից փաստացի անկախ ղեկավար՝ ի դեմս Հայոց Կաթողիկոսի: Այն նաև միակ Եկեղեցին էր, որը նյութական առումով անկախ էր կայսրությունից:

Հայոց Կաթողիկոսի անկախ գործունեությունը լուրջ մտահոգության տեղիք տվեց: Կայսերական գործիչները՝ ի դեմս Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի, ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի, սկսեցին միջոցներ փնտրել կաթողիկոսի իշխանությունը, Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու համար:

Հայոց Եկեղեցին հունիսի12-ի օրենքով, փաստորեն, զրկվեց ինքնուրույն գոյատևման տնտեսական հիմքից: Այս օրենքը նախ և առաջ պատժամիջոց էր հայ ժողովրդի նկատմամբ, որի միակ պաշտոնական ներկայացուցիչը Եկեղեցին էր: Հայոց Եկեղեցին կորցնելու էր իր հատուկ կարգավիճակը՝ վերածվելով Ռուսական կայսրությունում հայերի տեղական հոգեւոր կենտրոնի, իսկ Կաթողիկոսը զրկվելու էր ազգային ու քաղաքական ներկայացուցչությունից (իմ համոզմամբ, այսօրվա արշավի գլխավոր նպատակներից մեկը):

1903թ. Հունիսի 12-ի օրենքն ամբողջացնում էր ռուսական կառավարության գաղութատիրական նկրտումները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, օգոստոսի 4-ին Ս. Էջմիածնի Սինոդին հրամայում է չկատարել օրենքը:

Այս քայլով փաստորեն Հայոց կաթողիկոսը բացահայտ հակադրվեց Ռուսական կայսրության գաղութատիրական քաղաքականությանը:

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Բաքվում, Կարսում և այլ վայրերում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։

1903թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները Թիֆլիսի մոտակայքում, Կոջորի խճուղիում մահափորձ կատարեցին և ծանր վիրավորեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինին: Դաշնակցականների կողմից ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ:

Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր Մայր Եկեղեցին, ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։

Համաժողովրդական բուռն պայքարի արդյունքում ցարիզմն ստիպված էր նահանջել։ 1905թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Մեր Մայր Եկեղեցու դեմ այսօր նույնպես կատարվում է բռնաճնշումներ, բայց մի մեծ տարբերությամբ, 1903 թվականին բռնաճնշումները ղեկավարում և իրականացնում էին ցարական պաշտոնյաները, իսկ այսօր ՀՀ վարչապետը և Մայր Եկեղեցու Սրբալույս Մյուռոնով օծված տիրադավ հոգևորականները:

1903 թվականին Գ. Գոլիցինը բռնաճնշումները անվանում էր բարեփոխում...30 տարի անց, նաև կոմունիստները կանվանեն Մեր Մայր Եկեղեցու ոչնչացումը՝ բարեփոխում...և խեղդամահ կանեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին...»

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից