Օրինականության հանդեպ հարգանքը բնորոշ է ժողովրդավարական հասարակություններին, որտեղ հավասարությունը հիմնարար արժեք է։ Օրենքն այստեղ ամեն ինչից վեր է, բոլորը հավասար են օրենքի առաջ, և օրենքը բոլորի համար հավասար է։
Հունվարի 13-ին մայրաքաղաքի կենտրոնում կառավարության շարասյունը, որն ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, կարմիր լույսի տակով է անցել: Սա վառ արտահայտությունն է այն բանի, որ Փաշինյանն իրեն վեր է դասում օրենքից, չի հարգում օրենքը։
Որտեղի՞ց է գալիս օրենքի և ժողովրդավարության հանդեպ այս անհարգալից վերաբերմունքը, և ի՞նչ հետևանք կունենա։
Հունվարի 12-ին ՔՊ առաջնորդը մի քննարկման ժամանակ բացահայտեց կարմիր լույսի նկատմամբ իր վերաբերմունքը։ «Կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չէ, թե ով է որոշել, որ կարմիր լույսը հենց այդպես պետք է վառվի: Կա որոշման մեկ աղբյուր՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»,- ասել էր Փաշինյանը՝ ապշեցնելով ներկաներին ու հանրությանը:
Այստեղից տրամաբանական է, որ եթե կարմիր լույսը լեգիտիմության խնդիր ունի, ապա կարելի է այն արհամարհել։ Եվ հավանաբար՝ Փաշինյանի շարասյունն այս տրամաբանությամբ էլ արհամարհում է կարմիր լույսը, քանի որ այն լեգիտիմության խնդիր ունի։
Հիշեցնենք, որ այս թեման նոր չէ։ Խորհրդային բռնազավթումից ազատագրվելուց հետո կարմիր լույսն արհամարհողները շատ էին։ Նրանք ավելի շատացան 2008-ի մարտի 1-ից հետո։ Հետիոտների մի մասը թքած ուներ կարմիր լույսի վրա, փողոցն անցնում էր՝ երբ ուզենար, ինչպես ուզենար։ Վարորդները նույնպես չէին հարգում կարմիր լույսը, եթե մոտակայքում ոստիկան չկար։ Բարոյախոսներն ՝էին պարբերաբար անդրադառնում այս խայտառակ պատկերին, խնդրելով մարդկանց՝ հարգել կարմիր լույսը, քանի որ կարմիր լույսն արհամարհելը հետամնացության նշան է, արհամարհանք՝ ոչ միայն օրենքի, այլև մարդու նկատմամբ։ Ասում էին, որ կարմիր լույսը չհարգելը փոքր հանցանք չէ, այլ զարգացածության ցուցիչ, թե ինչպես է հանրությունը վերաբերվում օրենքին, արժեքներին և այլն։ Սակայն մարդիկ շարունակում էին թքած ունենալ կարմիր լույսի վրա։ Հայերը հետամնաց ժողովրդի տպավորություն էին թողնում հյուրերի աչքում։
Իրավիճակը փոխվեց, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը օրինակ ծառայեց, կանգնեց կարմիր լույսի տակ, իսկ հաջորդիվ հարցազրույցում անդրադարձավ թեմային ու կոչ արեց մարդկանց՝ հարգել կարմիր լույսը։ Դրանից հետո մարդիկ ընդօրինակեցին պետության ղեկավարին, ու կարմիր լույսի նկատմամբ հարգանքը վերականգնվեց։ Ավելին՝ կարմիր լույսը չհարգող քաղաքացիներն արժանանում էին հանրային պարսավանքի։ Դաստիարակված, կրթված մարդիկ թարս էին նայում, երբեմն՝ բարձրաձայն ամոթանք էին տալիս այն կարգազանցին, որը կարմիր լույսը հաշվի չէր առնում։
Ներկայում կրկին հետընթաց է նկատվում կարմիր լույսի նկատմամբ հանրային վերաբերմունքում։ Եվ այս առումով վատ օրինակ է ծառայում Փաշինյանը, երբ չի կանգնում կարմիր լույսի տակ և կասկածի տակ է առնում կարմիր լույսի լեգիտիմությունը։ Սարսափելի է պատկերացնելն անգամ, թե ինչ կլինի, եթե ՔՊ-ի համակիրները թքած ունենան կարմիր լույսի վրա կամ այն ոչ լեգիտիմ որակեն։ Այս մոտեցումը կարող է տարածվել, ընդհանրացվել, ինչի արդյունքում հանցագործությունները կաճեն, խուլիգանությունն ու ամենաթողությունը կծաղկեն, ու հասարակությունը բարոյապես կդեգրադացվի ու կայլասերվի, ստեղծելով պետության անկման ռիսկ։
Կարճ ասած՝ Փաշինյանը կարմիր լույսի վերաբերյալ այս դիրքորոշմամբ ռիսկեր է ստեղծում։ Ենթադրելի է, որ ժողովրդավարության արժեքները հարգող, հասարակության զարգացման ջատագով, կարգապահ, օրինապահ, դաստիարակված ու կրթված քաղաքացիները կարմիր լույսի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող, կարմիր լույսի լեգիտիմությունը կասկածի տակ դնող Փաշինյանի հանդեպ համարժեք վերաբերմունք կարտահայտեն 2026-ի ընտրություններում, և ՔՊ-ն ընդդիմություն կդառնա։
Թաթուլ Մկրտչյան