«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ՇԱՐԺՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մենք՝ վատի և վատագույնի միջև ընտրություն կատարելուց հրաժարված քաղաքացիներս, ականատես լինելով Հայաստանի Հանրապետության կառավարման գործում եղած ձախողումներին, միավորվում ենք այս պահին կարևորագույն քաղաքական փոփոխությունը կատարելու որոշմամբ։
Հռչակում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լրջագույն խնդիրների արմատը գործող ընտրական համակարգն է, որը չի ապահովում արդար ընտրություններ։ Ազգային Ժողովում չի արտացոլվում ժողովրդի տված փաստացի քվեների համամասնությունը:
Ուստի, այդ խնդրի լուծումը տեսնելով համակարգի փոփոխության մեջ, մեկնարկում ենք «Բոլորին դեմ եմ» շարժումը՝ ՀՀ քաղաքացիներին իրենց ձայներին գործնականում տեր կանգնելու հնարավորություն տալու նպատակով։
Այս գործընթացի օրակարգն է իրագործել հետևյալ 3 օրենսդրական փոփոխությունները.
Կայուն մեծամասնության չեղարկում
1% անցողիկ շեմի սահմանում
«Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում
Այս օրակարգը կյանքի կոչելու նպատակով մենք իրականացնելու ենք հետևյալ քայլերը․
1) ստեղծելու ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը,
2) ընտրապայքարից առաջ բոլոր անդամների քվեարկությամբ կազմելու ենք ընտրական ցուցակ,
3) մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, հաջող ելքի դեպքում կազմելու ենք 100-օրյա անցումային կառավարություն,
4) կատարելու ենք վերը նշված երեք փոփոխությունները և նշանակելու ենք արտահերթ ընտրություններ:
Արտահերթ ընտրություններից առաջ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվելու է, իսկ անցումային կառավարության անդամները ստորագրելու են ինքնասահմանափակող քաղաքական փաստաթուղթ՝ բացառելով վարչական ռեսուրսի օգտագործումն ընտրությունների ընթացքում․
վարչապետը 10 տարով հրաժարվելու է ընտրովի և նշանակովի որևէ պաշտոն զբաղեցնելուց,
անցումային կառավարության մյուս անդամները որևէ ձևով չեն մասնակցելու տվյալ արտահերթ ընտրություններին:
100-օրյա կառավարման ընթացքում անցումային կառավարությունը ձեռնպահ է մնալու իր օրակարգից չբխող փոփոխություններ կատարելուց, պահպանելու է կայունությունն ու պետական կառավարման բնականոն աշխատանքը, մինչև ընտրված հաջորդ կառավարությունը կսահմանի իր մանդատից բխող քաղաքական ուղղությունը:
Այս օրակարգից դուրս Շարժման անդամներից յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ առաջարկներ կամ պահանջներ, որոնք չեն կարող հայտարարվել Շարժման անունից և չեն կարող լինել Շարժման կողմից ձևավորվող անցումային կառավարության օրակարգի մաս:
«Բոլորին դեմ եմ» կուսակցության լուծարումից հետո Շարժման բոլոր անդամներն ազատ են իրենց քաղաքական ուղին ընտրելու հարցում:
Շարժումը՝
մերժում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով, պատճառաբանություններով կամ արդարացումներով,
մերժում է հայհոյանքը և ատելության խոսքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց,
բացառում է քաղաքական գործիչների ընտանիքի անդամների թիրախավորումը,
գործում է նախաձեռնող ապակենտրոնության սկզբունքով, այսինքն՝ այս փաստաթղթում ամրագրված դրույթների պահպանման դեպքում, յուրաքանչյուր անդամ ազատ է ընտրել իր համար ամենաարդյունավետ ճանապարհը՝ հանուն Շարժման հաղթանակի:
Շարժումն ունի ձևավորված աշխատանքային խումբ: Յուրաքանչյուր անդամ, անկախ միանալու ժամկետից, հնարավորություն ունի ներգրավվելու աշխատանքային խմբում և պատասխանատվություն ստանձնելու որևէ ուղղության համակարգման կամ որևէ աշխատանքի կատարման համար։
Միավորվելով այս նպատակի շուրջ և գործելով այս սկզբունքներով՝ Շարժման անդամներն ամբողջական պատասխանատվություն են կրում Շարժման վերջնական նպատակի համար և պարտավորվում են ջանք չխնայել վերոնշյալ փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին։
ՄԻԱՑԻ´Ր ՀՌՉԱԿԱԳՐԻՆ՝ https://bolorindem.am/announcement.html