Արտաքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:00 12-01-2026

Համատարած բողոքներ, արգելափակված ինտերնետ և աճող ճնշումներ. իրավիճակը՝ Իրանում

Իրանում ինտերնետ հասանելիությունը երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չկա մոտ չորս օր, հեռախոսային ցանցերը նույնպես պատշաճ կերպով չեն գործում, իսկ Իրանի պաշտոնական լրատվական կայքերը, բացառությամբ մեկ-երկուսի, անհասանելի են:

Պատճառը Թեհրանում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից, ի նշան երկրի վատթարացող տնտեսական վիճակի, սկսված ցույցերն են՝ կապված տեղական արժույթի կտրուկ արժեզրկման խնդիրների հետ. դրանք շուտով ներառեցին երկրի բազմաթիվ քաղաքներ և շարունակվում են մինչ օրս։

Արդեն դեկտեմբերի 30-ին հաղորդագրություններ տարածվեցին ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ և որսորդական հրացաններ։ Ցույցը աստիճանաբար վերածվեց քաղաքական ակցիայի, որտեղ ցուցարարները վանկարկում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Մահ Խամենեիին»՝ նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի խոսքով՝ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հրդեհվել են ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր, ավերվել է ավելի քան 30 մզկիթ:

Հունվարի 3-ին բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր իր առաջին ելույթում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ ցուցարարների տնտեսական պահանջները օրինական են, սակայն անհրաժեշտ են ավելի խիստ միջոցներ այն խմբերի դեմ, որոնք ձգտում են ապակայունացնել երկիրը։

Հունվարի 9-ի իր ելույթում, որում նա մեղադրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բողոքի ցույցերը բորբոքելու մեջ, Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ «չի հանդուրժի օտարերկրյա ուժերի կողմից աջակցվող գործակալներին», ինչը ազդարարեց ցուցարարների նկատմամբ կոշտ ճնշումների մասին:

Ըստ նրա՝ բոլորը պետք է իմանան, որ Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել հարյուր հազարավոր պատվավոր մարդկանց արյամբ, և այն չի նահանջի դիվերսանտների առջև:

Միաժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով բողոքի ցույցերի սկսվելուց երկու օր անց, ասաց, որ ինքը հանձնարարել է երկխոսություն հաստատել ցուցարարների ներկայացուցիչների հետ։

Նախագահը հունվարի 1-ի իր ելույթում նշեց, որ տնտեսական վիճակի վատթարացման համար պատասխանատու է երկիրը, այլ ոչ թե ԱՄՆ-ն, իսկ երեկ՝ հունվարի 11-ի իր ելույթում նա կրկին ասաց, որ իրենք չեն անտեսում ցուցարարների բողոքները, և որ իրենց պարտականությունն է լուծել ժողովրդի խնդիրները և մեղմել նրանց մտահոգությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ չպետք է թույլ տալ, որ անկարգություններ հրահրողները անկայունացնեն երկիրը։

Իրանում տեղի ունեցողի վերաբերյալ հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Հունվարի 2-ին Թրամփը սոցցանցերում գրառում էր կատարել՝ նշելով, որ եթե Իրանը, ինչպես միշտ, կրակ բացի և սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց։ Շարունակելով Թեհրանի ռեժիմի դեմ իր սպառնալիքները՝ Թրամփը հունվարի 10-ի իր ելույթում նշել է. «Իրանը, թերևս, ավելի շատ, քան երբևէ, ազատություն է փնտրում։ Մենք պատրաստ ենք օգնել դրանում»։

Նա նաև ասել է, որ Իրանի ժողովուրդը չունի ինտերնետ հասանելիություն ու կտրված է աշխարհից, և ինքը կարող է լուծել այդ հարցը՝ խոսելով Իլոն Մասկի հետ, որպեսզի նա Starlink-ի միջոցով ինտերնետ հասանելիությունը վերականգնի Իրանում։

Բենիամին Նեթանյահուն հունվարի 11-ին կառավարության նիստի բացման ժամանակ անդրադարձել է Իրանում ցույցերին՝ հայտարարելով, որ Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և աջակցում է իրանցիներին ազատության համար պայքարում՝ խստորեն դատապարտելով անմեղ քաղաքացիների զանգվածային սպանությունները։

Նա նաև վստահեցրել է, որ իրանցիները շուտով կազատագրվեն ճնշումներից, և երբ այդ օրը գա, Իսրայելն ու Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ։

Իրանում ինտերնետի հասանելիության սահմանափակման պատճառով այս պահին երկրում տեղի ունեցող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալը գրեթե անհնար է, սակայն, ըստ Իրանի մարդու իրավունքների պաշտպանի լրատվական գործակալության (HRANA), հունվարի 11-ին (բողոքի ցույցերի 15-րդ օրը) զոհվել է 544 մարդ, այդ թվում՝ 37 անվտանգության աշխատակից, մեկ դատախազ և ութ երեխա (18 տարեկանից փոքր)։ Ձերբակալվածների թիվը հասել է 10,681 մարդու։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է