Oragir.News-ը նախորդ տարեվերջին Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե նշանավոր արձակագիր, դրամատուրգ և ռեժիսոր Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել պետական մակարդակով, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ-ի կողմից։
Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ից
հայտնել էին, որ 2025 թվականի հոբելյանական ծրագրերի շրջանակում հաստատված բյուջետային հնարավորություններով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Գերատեսչությունից հայտնել էին նաև, որ Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել էր 2025 թվականին մշակույթի ոլորտում նշվելիք հոբելյանների ցանկը։
Հոբելյանների ցանկը ձևավորող խորհրդի կազմում են եղել նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ինչպես նաև գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, որոնցից փորձեցինք հետաքրքրվել՝ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել Աղասի Այվազյանի 100-ամյակի կապակցությամբ։
«Անցած տարի մենք Աղասի Այվազյանին նվիրված միջոցառում արել ենք, բայց մյուս տեղերում ես տեղյակ չեմ։ Եթե գրական միջոցառում լիներ, մենք կիմանայինք»,- ասաց Միլիտոնյանը։
Ճշտող հարցին՝ հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով գումարվե՞լ է նիստ, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով, մեր զրուցակիցը կրկնեց․ «Ո՛չ, նման նիստեր տեղի չեն ունեցել։ Մենք Գրողների միությունում ենք իր հիշատակին, արձակին նվիրված միջոցառում կազմակերպել»։
Միլիտոնյանը նշեց նաև, որ Չինաստանում գործող հրատարակչություններից մեկը վերջերս նամակով տեղեկացրել է՝ Աղասի Այվազյանի գրքերը ցանկանում են հրապարակել։
«Շատ ուրախալի էր, որ այդ հրատարակչությունն Աղասի Այվազյանով այդպես հետարքրքված է»,- գոհունակություն հայտնեց Գրողների միության նախագահը։
Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ չհաջողվեց կապ հաստատել․ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։