Ներքին 5 ամիս առաջ - 17:57 26-12-2025

Աղասի Այվազյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Oragir.News-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե նշանավոր արձակագիր, դրամատուրգ և ռեժիսոր Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել պետական մակարդակով, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ-ի կողմից։ Եթե կազմակերպվել են, ապա որքա՞ն ֆինանսական միջոցներ են հատկացվել Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։ Արդյոք գումարվե՞լ է նիստ, կամ ստեղծվե՞լ է հանձնաժողով՝ հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով։ Եթե այո, ապա ովքե՞ր են ընդգրկված եղել այդ հանձնաժողովի կազմում։

Ի պատասխան մեր հարցման, ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը 2025 թ. հոբելյանական ծրագրերի շրջանակում Աղասի Այվազյանի ժառանգությունը հանրահռչակել է երկու ձևաչափով՝ ֆիլմերի ցուցադրությունների և թանգարանային իմպլեմենտացիոն նախաձեռնության միջոցով: «Հայրիկ», «Եռանկյունի» ֆիլմերի ցուցադրություններ են իրականացվել ՀՀ մարզերում, զորամասերում, տարեցների տներում և շուրջօրյա խնամքի կենտրոններում, «ԲունTV»-ով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնամարզական համալիրում:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում գործում է «Մենք ենք, մեր եռանկյունին» իմպլեմենտացիոն ցուցադրությունը՝ նվիրված Հենրիկ Մալյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի հոբելյաններին, և ներկայացնում է երեք հեղինակների ստեղծագործական ժառանգությունը՝ ֆիլմերի կադրեր, ռեկվիզիտներ, անձնական իրեր եւ արխիվային նյութեր։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում Աղասի Այվազյանին անդրադարձ է կատարվել «Եռանկյունի» ֆիլմի ցուցադրության միջոցով:

Գերատեսչությունը հայտնում է, որ վերանորոգվել է նաև Շառլ Ազնավուրի հրապարակում բացված Աղասի Այվազյանի անվանական աստղը։ Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որն ուղղված էր գրողի հարուստ ստեղծագործական ժառանգության արժևորմանն ու հանրայնացմանը։ Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել գրականագետներ, ուսանողներ: Միջոցառման շրջանակում բացվել է գրքերի ցուցադրություն, որը ներկայացնում էր գրողի ստեղծագործական ամբողջ ժառանգությունը՝ արձակ և դրամատուրգիական աշխատանքները, կինոսցենարները, ինչպես նաև ազգային գրադարանի հավաքածուներում պահվող այլ նյութեր:

«Ցուցադրության նպատակն էր ներկայացնել Աղասի Այվազյանի բազմակողմանի արվեստը և նրա թողած նշանակալի մշակութային ժառանգությունը: Հայաստանի մարզային գրադարանները ևս առանձին միջոցառումներով նշել են Այվազյանի 100-ամյակը»,- ասվում է հարցման պատասխանում

ԿԳՄՍՆ-ն տեղեկացրել է, որ Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներն իրականացվել են գործող ծրագրերի և հաստատված բյուջետային հնարավորությունների շրջանակում: Առաջնահերթ է համարվել ոչ թե ծախսված միջոցների չափը, այլ մշակութային ժառանգության արժանապատիվ ներկայացումն ու հանրային ներգրավվածությունը:

Նախարարությունը նշել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի թիվ 22-Ա հրամանով հաստատվել է 2025 թվականին մշակույթի ոլորտում նշվելիք հոբելյանների ցանկը, որում ներառված է նաև արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանը:

Հոբելյանների ցանկը ձևավորող խորհրդի կազմում են եղել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (խորհրդի նախագահ), ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար Աննա Երզնկյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Բանուչյանը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթևոսյանը, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» անսամբլի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանը, ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Ներսիսյանը (խորհրդի քարտուղար):