Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:21 09-01-2026

ՀԷՑ-ի խլման գործընթացը քաղաքական է, «պատժում են» Սամվել Կարապետյանին

ՀԷՑ-ի խլման գործընթացը քաղաքական է, որը մինչ օրս ամբողջությամբ ավարտված չէ և վիճարկվում է ինչպես Հայաստանի դատարաններում, այնպես էլ միջազգային ատյաններում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքական գործընթացը սկսվել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, որից հետո իշխանությունը որոշել է ՀԷՑ-ը վերցնել որպես պատժամիջոց։

«Վերջնական ավարտված չէ գործընթացը, բայց խլելու որոշումը քաղաքական էր։ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտից հետո որոշեցին, որ ՀԷՑ-ը պետք է վերցնեն։ Դա իրենց պատկերացմամբ պատժամիջոց էր»,- ասել է Ղազինյանը։

Նա նշել է, որ Կարապետյանի արձագանքը եղել է կտրուկ՝ ընդգծելով, որ իր համար տարբերություն չկա՝ ՀԷՑ-ը վերցնեն, թե այլ գույք։

Դավիթ Ղազինյանը ուշադրություն է հրավիրել նաև կադրային լայնածավալ փոփոխությունների վրա՝ նշելով, որ ընկերության շուրջ 50 մասնաճյուղերում փոխվել են գրեթե բոլոր շրջանային էլեկտրոցանցերի պետերը։