Ներքին Միտք 5 ամիս առաջ - 11:18 06-01-2026

«Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման․ Սուրեն Սուրենյանց

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա, այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։

«Ալիևի հայտարարության բովանդակությունը հանգում է երկու փոխկապակցված հիմնադրույթի։
Առաջինը վերաբերում է Սյունիքի տարածքով հաղորդակցության բացման բնույթին։ Ալիևի ընկալմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շահագործման այնպիսի ռեժիմի հաստատմանը, որը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում՝ վերահսկողության, անվտանգության և վարչարարության ոլորտներում։ Այդ համատեքստում կիրառվող եզրույթների փոփոխությունը («միջանցք», «ճանապարհ», «ուղի») չի փոխում խնդրի բովանդակությունը․ որոշիչը ոչ թե անվանումն է, այլ այն գործառնական ռեժիմը, որը փաստացի վերաիմաստավորում է տարածքային սուվերենության սահմանները։

Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity), սակայն Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ ընդգծելով իր ընկալումը, ըստ որի Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ է ենթադրում:

Երկրորդ հիմնադրույթը միջազգային գործոնի նպատակային քաղաքական շահարկումն է։ Հղում անելով Դոնալդ Թրամփին՝ Ալիևը փորձում է ձևավորել այն ընկալումը, թե Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը ստացել է արտաքին քաղաքական հաստատում և վերածվել միջազգային համաձայնության բաղադրիչի։

Սակայն նման պնդումը չունի իրավական կամ ինստիտուցիոնալ հստակ հիմնավորում։ Այն ավելի շուտ Հայաստանին ուղղված քաղաքական ազդակ է, որի նպատակն է ստեղծել անխուսափելիության մթնոլորտ և նեղացնել բանակցային մանևրի հնարավորությունները։ Անգամ ԱՄՆ նախագահի հնարավոր քաղաքական համակրանքը կամ գործարքային մոտեցումը չեն կարող նույնացվել ԱՄՆ արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ դիրքորոշման հետ։

Ալիևի դիրքորոշման գաղափարական առանցքը բացահայտվում է նրա այն ձևակերպման մեջ, ըստ որի՝ «այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք»։

Այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես ժամանակակից ռեալպոլիտիկի բացահայտ ընդունում, որտեղ անվտանգությունը չի բխում իրավական նորմերից կամ միջազգային իրավունքից, այլ՝ ուժային հարաբերակցությունից և դաշինքային հաշվարկներից։

Այս մոտեցումը սկզբունքորեն հակադրվում է Հայաստանի գործող իշխանության քաղաքական խոսույթին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում անվտանգության հիմքը շարունակում է կապվել լեգիտիմության, իրավականության և միջազգային նորմերի պահպանման հետ։

Սակայն կողմերի մոտեցումների այս խորքային անհամաչափությունը ստեղծում է կառուցվածքային խնդիր։ Երբ բանակցային գործընթացի մի կողմը գործում է իրավական կարգավորման տրամաբանությամբ, իսկ մյուսը բացահայտ մերժում է այդ համակարգի գոյությունը, արդյունքը չի կարող լինել ինստիտուցիոնալ և կայուն խաղաղություն։

Այս պայմաններում խաղաղության օրակարգը վերածվում է մի մոդելի, որի շրջանակում պայմանները մշտապես ենթակա են վերանայման՝ հօգուտ առավել ուժեղ կողմի։

Այդպիսի համակարգում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջնական լուծում, այլ ձևավորում է հաջորդ պահանջի նախադրյալ։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է պերմանենտ ճնշումների ռեժիմում, որտեղ սուվերենությունն աստիճանաբար դառնում է բանակցելի կատեգորիա, իսկ անվտանգությունը՝ հարաբերական և պայմանական։

Համաձայնեք, որ նման ստատուս-քվոն ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության մասին չէ:

Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն և միջազգային երաշխիքներ, որոնք կսահմանափակեն ուժի կիրառման հնարավորությունը: Առանց դրա ցանկացած համաձայնագիր կմնա փխրուն»,- գրում է Սուրենյանցը:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը