Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 10:03 25-12-2025

Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները

«Գումար նստեց, երկու անգամ է նստել, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար, չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են էդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը». - ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է Ազգային ժողովի պատգամավոր, ամեն տարի, ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստացել են, բայց աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար, պնդում էր՝ չի եղել: Գրում է «Ազատությունը»։

Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:

«Մեր մոտ անգամ պատգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է՝ «տարօրինակ գումար է, փոխանցում է, կսպասեք, բան չանեք, էլի, ինչ-որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է դա», - պատմեց Քրիստինե Վարդանյանը:

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի իշխանությունն այս տարի էլ թոշակները չավելացրեց, չբարձրացրեց նվազագույն աշխատավարձը, աղքատության, գործազրկության մակարդակը խոստացածի չափ չնվազեցրեց, բայց Ալեն Սիմոնյանը մի քանի ամսից լիազորություններն ավարտող խորհրդարանին որոշեց այս տարի երկու անգամ պարգևատրել: Գումարը հատկացվել է թե՛ պատգամավորներին, թե՛ խորհրդարանի պետական ծառայողներին և աշխատողներին՝ մի դեպքում՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով, խրախուսման մյուս կարգադրության հիմքում պարգևատրումների նպատակով բյուջետային վերաբաշխման մասին Կառավարության որոշումն է:

Ըստ տարեվերջի այդ որոշման՝ ԱԺ-ին պարգևատրումներ-խրախուսումների համար ավելի քան 545 միլիոն դրամ է հատկացվել:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք՝ 2024-ի դեկտեմբերին պատգամավորները մեկ անգամ են ստացել պարգևատրում: 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ, ըստ հրապարակված փաստաթղթերի, մեկ էլ 2023-ն է պատգամավորների համար եղել այդքան առատ, մյուս տարիներին Ամանորից առաջ պարգևատրում մեկ անգամ են ստացել:

Թե ԱԺ-ում բաժանված պարգևատրումների վրա ինչքան գումար է ծախսվել, խորհրդարանից հրաժարվում են հրապարակել, չնայած, օրինակ, 2022-ին Անկախության տոնի առիթով տրված պարգևավճարների գումարը բացահայտել էին:

Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած այսօրվա թիվը՝ մոտ 3 միլիոն դրամը եթե բազմապատկում ենք պատգամավորների թվով՝ 107-ով, ստացվում է, որ տարեվերջին մոտ 300 միլիոն դրամ կամ 800 հազար դոլար միայն օրենսդիրներն են ստացել:

ԱԺ նախագահի կարգադրության մեջ բացակայում են հավելվածները:

«Ազատությունը» խորհրդարանի խոսնակին հարցմամբ խնդրել էր տրամադրել հավելվածները, որոնց ծանոթանալով պարզ կդառնար նաև՝ պարգևատրումներին ուղղված ողջ գումարն ինչքա՞ն է կազմել, ի՞նչ դրույքաչափով են հաշվարկվել՝ աշխատավարձի չափո՞վ, դրանից ավելի՞, թե՞՝ պակաս, քանի որ պատգամավորներից բացի աշխատակիցները ևս դրամական կրկնակի խրախուսանքներ են ստացել: Իսկ խորհրդարանի աշխատակազմը, տարբեր հրապարակումների համաձայն, մի քանի հարյուր հոգուց է բաղկացած:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան