Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալու է Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի ավարտին Պուտինը նախատեսում է նաև երկկողմ հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - նշել է Պեսկովը։ Հանդիպման օրակարգի մասին Պեսկովը մանրամասներ չի հայտնել։ Փաշինյանը նախօրեին էր մեկնել Ռուսաստան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Փաշինյանը նախօրեին ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստն օգտագործել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գովերգելու համար։ Նա համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը: «Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է», - ասել է Փաշինյանը։
Մինչ Փաշինյանն Ալիևին է գովերգում՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով։ «Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», - ասել է նա՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։ Թուրքական պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են իրենց դերը՝ որպես հուսալի կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։ Ուշագրավ է, որ Բաքու ժամանելուց հետո Թուրքիայի փոխնախագահն այցելել է Բաքվի ռազմավարի պուրակ՝ շեշտելով, որ Արցախի գրավումը պատմական հաղթանակ էր նաև Թուրքիայի համար»: Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին:
ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Թրամփի ուղի» անունը կրող նախաձեռնության քննարկում, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի հայտարարության մեջ։ ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Դռնփակ քննարկմանը կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին: «Ողջունում եմ ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությունը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Նման համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»,- նշել է նա։ Խազար Իբրահիմն իր հերթին նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանցի դեսպանը նաև ընդգծել է, որ TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողության ապահովումը կարևոր է։
Մանրամասները՝ տեսանյութում: