Ներքին 6 ամիս առաջ - 10:30 22-12-2025

Ինչպես են  «գծատերերը» տարիներով հարստացել Վանաձորում

Վանաձորում ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը տարիներ շարունակ եղել և մնում է կոնկրետ անձանց մենաշնորհը: Այսպես, տասը տարի առաջ երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման մրցույթը լուսաբանելիս հրապարակել ենք, որ Վանաձորի 19 երթուղիներից 7-ի շահագործման հավակնորդը նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դատավոր որդու սանիկն էր՝ Յուրի Համբարյանը:

Այժմ էլ՝ տասը տարի անց, այդ բոլոր երթուղիներում (թիվ 1, թիվ 2, թիվ 7, թիվ 8, թիվ 10, թիվ 15 և թիվ 16) կանոնավոր փոխադրումների ծառայություն մատուցողը դարձյալ Յուրի Համբարյանին պատկանող «Ռ և Հ Տրանս» ընկերությունն է:

Որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպես է տարիներով աշխատել «գծերի» բիզնեսը Վանաձորում, և ինչ շահույթ են ստացել «գծի տերերը», զրուցեցինք միկրոավտոբուսների վարորդների հետ: Մի քանիսն անկեղծ խոսեցին իրենց վարձատրության և ուղևորափոխադրումներից ստացվող եկամուտների մասնաբաժանման մասին:

Նախ՝ երթուղիների սպասարկման համար ներգրավվող ավտոբուսների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի՝ մեզ տրամադրած տեղեկանքների համաձայն՝ այս 7 երթուղիներում շահագործվող 53 մեքենաներից 43-ը ընկերության սեփականությունն են, և միայն 10-ն են օգտագործվում վարձակալական հիմունքով: Մինչդեռ վարորդների հետ զրույցներից պարզ դարձավ, որ միկրոավտոբուսների մեծ մասը ոչ թե ընկերության, այլ մասնավոր անձանց սեփականությունն են, և որ վարորդներն օրվա եկամտից պարտադիր գումարներ են վճարում և՛ մեքենայի սեփականատիրոջը, և «գծի տիրոջը»:

«Մեքենան գծի տիրոջինը չէ, մեքենաների 90 տոկոսը վարորդների սեփականն է, կա նաև վարձակալությամբ վարող, ինչպես իմ դեպքում: Սա ընկերոջս մեքենան է: Օրվա ամբողջ գումարը տալիս եմ մեքենայի տիրոջը, 5 հազար դրամը մեքենայի տերը տալիս է ինձ իմ աշխատանքի դիմաց, որ առավոտից երեկո վարում եմ: 5 հազար դրամ էլ տալիս ենք գծի տիրոջը, ով որ տենդերը շահել է, ամեն օր, բացի շաբաթ-կիրակի օրերից, շաբաթ-կիրակի օրերին՝ 2 հազար դրամ է: Նայած օր, օր կա՝ 6 հազար, օր կա՝ 7 հազար, օր կա՝ 10 հազար, ամենաբարձրը՝ 12-13 հազար տալիս եմ մեքենայի տիրոջը, բայց որ հաշվես մեքենայի ծախսը, երևի մի 5-6 հազար էլ մաքուր իրեն է մնում: Մենակ 6-7 հազարի գազ ենք վառում»,-պատմեց «Ռ և Հ Տրանս»-ի շահագործման երթուղիներից մեկի վարորդը: Նրա խոսքով՝ ուղևոր լինի, թե ոչ, եթե մինչև ժամը 11-ը միկրոավտոբուսը երթի մեջ է եղել, վարորդը պարտավոր է տերերին վճարել սահմանված գումարը:

Թե որքան գումար է կուտակել Յուրի Համբարյանը տասը և ավել տարիների ընթացքում՝ ընդամենն ունենալով Վանաձորի երթուղիները շահագործելու «մշտական իրավունք», հաշվեք ինքներդ՝ նրա երթուղիներում աշխատող 53 միկրոավտոբուսը բազմապատկելով ամեն օր յուրաքանչյուրից գանձվող գումարի չափով:

Ադրինե Թորոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին