Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 16:04 20-12-2025

ԱԱԾ-ն՝ քաղաքական խաղերում. վտանգավոր վիճակ պետության համար. Սուրեն Սուրենյանց 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ԱԱԾ-ն՝ քաղաքական խաղերում. վտանգավոր վիճակ պետության համար

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լրատվամիջոցը՝ civic.am, հրապարակել է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված փաստաթուղթ՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1980-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է դեռևս 2001 թվականին։

Առաջին հայացքից հրապարակումը կարող է ներկայացվել որպես անցյալի «մութ էջերի բացահայտում»։

Սակայն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ քաղաքականապես նպատակային կիրառման, եթե չասենք՝ կոնկրետ մարդու և ինստիտուտի դեմ հաշվեհարդարի հետ։

Փաստաթղթի հրապարակման ժամանակահատվածը դժվար է համարել պատահական։

Այն համընկնում է իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների սրման փուլին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հրապարակումն ունի հստակ քաղաքական շարժառիթ։

Թեև ֆորմալ առումով թիրախավորվում է Եզրաս արքեպիսկոպոսը, իրական հարվածը հասցեագրված է նաև նրա եղբորը՝ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին և, առավել լայն իմաստով, Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ինքնուրույն ինստիտուտի։

Եթե տվյալ փաստաթուղթը իսկապես գաղտնազերծվել է 2001 թվականին, ապա առաջանում է հիմնավոր հարց․ ինչո՞ւ է այն շրջանառության մեջ դրվում շուրջ երկու տասնամյակ անց և հենց այս քաղաքական միջավայրում։

Այս ընտրովի հիշողությունը կասկածի տակ է դնում ոչ միայն հրապարակման նպատակը, այլև գործընթացի ինստիտուցիոնալ անաչառությունը։

Նույնիսկ փաստաթղթի իսկությունը ընդունելու դեպքում անհրաժեշտ է արձանագրել պարզ և միանշանակ հանգամանք․ 1986 թվականին ԽՍՀՄ քաղաքացու համագործակցությունը սովետական հատուկ ծառայությունների, այդ թվում ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ, իրավական առումով չի կարող դիտարկվել որպես հանցագործություն։

Այն ժամանակ գործող տոտալիտար իրավակարգի պայմաններում դա ոչ միայն օրինական, այլ հաճախ նաև պարտադրված վարքագիծ էր։

Խիստ խոսուն է նաև այն փաստը, որ գործող իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակայնորեն խոստովանել է ԱԱԾ-ի հետ իր համագործակցությունը և, այնուամենայնիվ, շարունակում է պաշտոնավարել՝ առանց որևէ քաղաքական կամ բարոյական հետևանքի։

Սա հստակ ցույց է տալիս, որ խնդիրը անցյալի հետ սկզբունքային հաշվեհարդարը չէ, այլ կոնկրետ անձանց և ինստիտուտների ընտրովի թիրախավորումը։

Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։

Այստեղ, հակառակը, գործ ունենք լոկալ, ընտրովի և քաղաքականապես շահագրգիռ գործողության հետ, որը որևէ աղերս չունի ինստիտուցիոնալ լյուստրացիայի գաղափարի հետ։

Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի։

Գործակալական ցանցի ներկայացուցիչների կամ ենթադրյալ ներկայացուցիչների բացահայտումը քաղաքական նպատակահարմարության սկզբունքով խաթարում է ծառայության հեղինակությունն ու արդյունավետությունը։

Դա վտանգավոր ուղերձ է ապագայի համար․ ցանկացած քաղաքացի կարող է հետ կանգնել անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախություն ունենալով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում կարող է դառնալ հրապարակային թիրախ։

Սա արդեն ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության համակարգի կայունությանը։

Տվյալ գործընթացը դժվար է դիտարկել որպես ինքնաբուխ կամ զուտ մեդիա նախաձեռնություն։

Քաղաքական պատասխանատվությունը հանգում է մեկ կենտրոնի՝ Նիկոլ Փաշինյանին, որի կառավարման ընթացքում բազմիցս արձանագրվել են սահմանադրական կարգավորումների անտեսման և իշխանության կամայական կիրառման դրսևորումներ։

Կառավարության վերջին նիստում կոնկրետ խանութ փակելու ուղղակի հրահանգը նույն քաղաքական տրամաբանության արտահայտությունն է՝ իշխանության անձնավորում, կամայականություն և ինստիտուցիոնալ մեխանիզմների շրջանցում։

Ըստ այդմ, գանք եզրահանգման:

Այս այսպես կոչված «բացահայտումը» չի ծառայում ո՛չ պատմական արդարությանը, ո՛չ էլ հանրային շահին։

Այն քաղաքական պայքարի գործիք է, որն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշման ուժեղացմանը, ինքնուրույն ինստիտուտների վարկաբեկմանը և ուժային կառույցների ներգրավմանը ներքաղաքական հաշվարկներում։

Ամենից շատ դիտված

23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
22:08 Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
22:44 Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
23:45 Ես կարդացել եմ եկեղեցուն վերաբերող զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել․ Փաշինյան