Օրերս Դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ»-ին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված 2․8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Oragir.News-ը փորձեց «Հարսնաքար»-ի տնօրենից պարզաբանում ստանալ, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, և արդյոք վարձակալը պատրաստվո՞ւմ է հողամասն ազատել և ի՞նչ ժամկետներում։
Տնօրենի «փնտրտուքի» ճանապարհին՝ նախ զանգահարեցինք Ավանում գտնվող «Հարսնաքար» համալիր։ Ռեստորանի մենջերն ասաց, որ ինֆորմացիա չի կարող տրամադրել, այնուհետև հիշեցրեց, որ սխալ վայրում ենք փնտրում տնօրենին, քանի որ, եթե խոսքը գնում է Սևանի «Հարսնաքար»-ի մասին, ապա վերջինը, ամենայն հավանականությամբ, այնտեղ կլինի։
Oragir.News-ը փորձեց նշված վայրից տեղեկատվություն ստանալ։ Մեր հարցերին պատասխանեց մենջերը՝ նշելով, որ տնօրենը, հավանաբար, Ավանի «Հարսնաքար» համալիրում է, և հորդորեց այնտեղ զանգահարել։
«Սևանի «Հարսնաքարն» այս պահին չի գործում, մենք սեզոնային ենք աշխատում, և քանի որ բոլորս աշխատավայրում չենք, ուստի տնօրենին միացնելու հնարավորություն չունենք։ Կարող եք զանգահարել Ավանի «Հարսնաքար»։ Տնօրենը, հավանաբար, այնտեղ է»,- ասացին Սևանի «Հարսնաքարից»։
Մեր դիտարկմանը՝ թե անտեղից էլ ուրիշ բան են ասում, տպավորություն է՝ խուսափում եք պարզաբանում տալուց, մեր զրուցակիցը խոստացավ, որ անպայման կզանգահարեն։
Տեղեկացնենք, որ խորհրդային տարիներին Գրողների միության համար Սևանի ափին կառուցված հանգստյան տունը, որի նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում, նախատեսված էր տվյալ կազմակերպության անդամների հանգստի և ստեղծագործական գործունեության համար։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2026 թ.-ի ապրիլի 21-ին:
Սակայն Գրողների միության Սևանի ստեղծագործական տունը, ինչպես
փաստում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, երբեք պետական չի եղել։
Այդ շինությունը հետագայում մասնավորեցվել է և վաճառվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։