Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 22:41 15-12-2025

Իրանը դեմ է Հայաստանի հարավով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Թրամփի ծրագրին. Վելայաթի

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։

Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը:

Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հայաստանի հարավով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար. «Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն»: