Վարորդները շարունակում են ահազանգել, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունը, այդ թվում՝ գազաբալոնների ստուգումը, իրականացվում են մատների արանքով։ Ըստ նրանց՝ շատ դեպքերում զննման ընթացքում ուշադրություն է դարձվում միայն տարեթվին, իսկ փաստացի զննում գրեթե չի կատարվում։
Թեմայի շուրջ
Oragir.News-ը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Քեհյանի հետ։
Նրա խոսքով՝ օրենքով սահմանված են հստակ նորմեր և կարգեր, որոնք պետք է պահպանվեն տեխնիկական զննման ընթացքում, սակայն իրականում դրանք գրեթե չեն կիրառվում։
«Օրենքով սահմանված նորմեր կան, որոնք պետք է իրականացվեն, սակայն գործնականում ոչ մի զննման կայան դրանք չի կատարում։ Ավելին՝ շատ արագ սպասարկում են վարորդներին, ստանում են գումարը և վերջ։ Մինչև այսօր, կարելի է ասել, ոչ մի մեքենա նորմալ տեխնիկական զննություն չի անցել»,– նշեց Քեհյանը։
Նրա գնահատմամբ՝ զննման կայանների հիմնական նպատակը կուտակումներ չստեղծելն ու հնարավորինս արագ վարորդներին «ճանապարհելը» է․
«Մարդկանց արագ սպասարկում են, գումարը ստանում են, զննման կտրոնը հաստատում են, և վերջ։ Իսկ այն, թե ինչպես պետք է իրականում իրականացվի տեխնիկական զննումը, գործնականում անտեսվում է»։
Տիգրան Քեհյանը նշեց, որ կառավարության որոշումներով՝ տեխնիկական զննման ընթացքում պետք է ստուգվեն նաև արգելակային համակարգը, մեքենայի աղտոտվածության մակարդակը և այլ կարևոր բաղադրիչներ, սակայն դրանք հաճախ չեն իրականացվում։
Ինչ վերաբերում է գազաբալոնների ստուգմանը, Քեհյանը շեշտեց, որ այդ հարցում մասնագիտական շրջանակներում կան հակասական կարծիքներ։
«Գազաբալոնների ստուգումը բավական հակասական թեմա է։ Ոմանք ասում են, որ եթե բալոնը փորձարկման ես տալիս, դրա շահագործման ժամկետը կրճատվում է։ Այդ հարցում ես, որպես վարորդ, վերջնական կարծիք հայտնել չեմ կարող, այստեղ ավելի ճիշտ կլինի, որ մասնագետներն արտահայտվեն»,– ասաց նա։
Քեհյանի խոսքով՝ վարորդների մեծ մասը չի բողոքում զննման որակից, քանի որ իրենց համար առաջնայինը արագ սպասարկումն է։ Սակայն ընդհանուր դժգոհությունները հիմնականում վերաբերում են հենց գազաբալոնների մակերեսային ստուգմանը։
Խնդրի լուծման հարցում «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահը կարևորում է պետական վերահսկողության ուժեղացումը։
«Օրենքը կա, բայց չի պահպանվում։ Կառավարությունը պետք է կիրառի հսկողական մեխանիզմներ և պարտադրի, որ զննման կետերը աշխատեն նորմալ և օրենքի պահանջներին համապատասխան»,– ընդգծեց նա։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև ավտոապահովագրության գների բարձրացումներին։ Քեհյանը նշեց, որ ապահովագրական վճարների աճը հիմնականում պայմանավորված է վթարների թվի և հատուցման գումարների ավելացմամբ։
«Գների վերանայումները պարբերաբար լինում են։ Դրանք կապված են վթարների քանակի աճի և հատուցումների մեծացման հետ։ Ապահովագրական ընկերությունները որքան շատ են հատուցումներ կատարում, այնքան ապպավճարները թանկանում են»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ հատուցումների թանկացման վրա ազդում է նաև ավտոպարկի փոփոխությունը․ Հայաստանում ավելացել են էլեկտրամոբիլները, որոնց վերանորոգման ծախսերը զգալիորեն բարձր են։
«Եթե վթարները քիչ լինեն, հատուցումները կնվազեն, և ապպավճարները նույնպես կարող են նվազել։ Այս ամբողջ գործընթացը կարելի է տեսնել բյուրոյի վիճակագրական տվյալներում մինչև հոկտեմբերի 31-ը ներկայացված հաշվետվություններում»,– հավելեց Քեհյանը։
Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ թեև գների բարձրացումը կարելի է բացատրել գործընթացներով, սակայն այն սոցիալական առումով՝ նորմալ երևույթ չի կարելի համարել։