Արտաքին 10 ամիս առաջ - 23:58 09-12-2025

Ես պատրաստ եմ ընտրությունների. Զելենսկին պատասխանել է Թրամփին

Խաղաղության գործընթացի շրջանակներում կա երեք փաստաթուղթ, որոնք քննարկվում են ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Կա 20 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթ, որն անընդհատ փոփոխվում է։ Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, երրորդը՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան և նրա եվրոպացի գործընկերներն ավարտին են հասցնում խաղաղության նոր ծրագիրը և պատրաստվում են այն ներկայացնել Միացյալ Նահանգներին չորեքշաբթի օրը։

Զելենսկին պատասխանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, որ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու և որ «նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրություններից խուսափելու համար»։

«Այն միտքը, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվում, քանի որ ես կառչած եմ նախագահի պաշտոնից, լիովին ոչ ադեկվատ պատմություն է։ Ես պատրաստ եմ ընտրությունների»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման հետ կապված կա «երկու հարց»։

«Նախևառաջ՝ անվտանգությունը։ Ինչպե՞ս կարող ենք դրանք անցկացնել։ Ինչպե՞ս կարող ենք դա անել կրակի տակ, հրթիռների տակ։ Մեր զինված ուժերի վերաբերյալ։ Հարցն այն է՝ ինչպե՞ս կքվեարկեն նրանք։

Եվ երկրորդ հարցն ընտրությունների անցկացման օրինականության օրենսդրական հիմքն է։ Եվ քանի որ այս հարցը այսօր բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր գործընկերները, ես շատ կարճ կպատասխանեմ՝ ես պատրաստ եմ ընտրություններին»,- ասել է նա և հավելել, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցն «ուկրաինացի ժողովրդի հարցն է, այլ ոչ թե այլ երկրների ժողովուրդների»։

Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է Միացյալ Նահանգներին՝ Եվրոպայի հետ համատեղ, ապահովել ընտրություններում քվեարկության անվտանգությունը։

«Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում»,- հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց