Ուղիղ եթեր
Մամուլ 10 ամիս առաջ - 08:25 06-12-2025

Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհուրդն առաջարկել էր Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացնում էր Արուսյակ Ջուլհակյանը, ով պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ով է եղել մյուս թեկնածուն, եւ ինչու են հենց Վահե Մկրտչյանին ընտրել՝ այդպես էլ չպատասխանեց:

Ջուլհակյանը փորձեց օրենքից եւ ընտրության ընթացակարգից կցկտուր մեջբերումներ անելով՝ թաքցնել մյուս թեկնածուին, ում անունն այդպես էլ չհնչեց ամբիոնից։

Արձագանքի հնարավորությունից օգտվելով՝ Սուքիասյանը 2-րդ անգամ հարցրեց՝ «Ո՞վ էր մյուս թեկնածուն, ինչո՞ւ այս թեկնածուն, ինչո՞ւ ոչ մյուս թեկնածուն»։
Ջուլհակյանը խճճեց, ապա հարցի բուն պատասխանը թաքցրեց՝ օրենքից ծաղկաքաղ արված գեղեցիկ բառերի արանքում։

«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում է, որ դիմել է երկու թեկնածու: Մեր տեղեկություններով՝ մյուս թեկնածուն եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մի քանի տարի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ աշխատած Կարեն Հակոբյանը:

Մրցութային խորհրդի ներկայացրած թեկնածուի կենսագրությունը, նրա ելույթը, պատգամավորների հարցերի պատասխանները շատ հեռու էին հանձնաժողովի անդամի պաշտոնի մասին պատկերացումներից: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու է ընտրվել այն թեկնածուն, ով այդ ամենի մասին պատկերացում անգամ չունի, իսկ այն թեկնածուն, ով հենց այդ մարմնում աշխատանքային փորձ ունի եւ, առնվազն, ավելի լավ է պատկերացնում ոլորտը, չի ընտրվել:
Առաջարկված թեկնածու Վահե Մկրտչյանն ինքն ազգային ժողովում որեւէ հարցի չկարողացավ տալ գրագետ եւ ամբողջական պատասխան։ Անգամ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին ի պատասխան՝ տվեց առաջին անգամ աշխատանքի ընդունվողի արձագանք՝ «հնարավոր է, որ աշխատանքի ընթացքում, ժամանակի ընթացքում, ընտրվելու ժամանակ ավելի խոր ուսումնասիրեմ, պայքարեմ կամ առաջարկեմ դրա դեմ պայքար»։

Մկրտչյանը գրեթե որեւէ պատգամավորի հարցին կապակցված եւ բովանդակալից խոսքով չպատասխանեց։

Հովիկ Աղազարյանը ԿԿՀ-ի անդամի պաշտոնին հավակնողին հետաքրքիր հարց տվեց, թե ինչով են իրարից տարբերվում կոռուպցիան եւ կաշառակերությունը։

Հարցի պատասխանից զարմացավ անգամ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Ինչպես տեղեկացանք Ազգային ժողովի կայքից, Արուսյակ Ջուլհակյանը հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի մշտական անդամ է: Արուսյակ Ջուլհակյանի եւ շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի մտերիմ կապի մասին շատերին է հայտնի. եւ թերեւս դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը Ջուլհակյանի թեթեւ ձեռքով ընկերուհու՝ Մարիամ Գալստյանի համար ոչ հաճելի անձանց չի ընտրում հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Իսկ Կարեն Հակոբյանն այդ անձանցից մեկն էր, ում փոխարեն ԱԺ-ի ամբիոնի առաջ կանգնեց Վահե Մկրտչյանը եւ, մեղմ ասած, պախարակեց թե՛ իրեն, թե՛ իրեն ԱԺ-ում հպարտորեն ներկայացնող Արուսյակ Ջուլհակյանին։ Արդյունքում Վահե Մկրտչյանը չընտրվեց ԿԿՀ անդամ, քանի որ 107 պատգամավորներից միայն մեկն էր մասնակցել քվեարկությանը, նա էլ Մկրտչյանի թեկնածությանը դեմ է քվեարկել։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Մարիամ Գալստյանը նախագահի պաշտոնը «զավթել է»՝ շրջանցելով օրենքը, որում ասվում է, որ նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը. բայց ինքն ավագը չէ:

Հիշեցնենք, որ նախորդիվ այդ պաշտոնի համար դիմել էին նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այլ վարչությունների պետեր, ովքեր Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել հանձնաժողովի անդամի պաշտոնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել