Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում թե՛ փորձաքննության օրինական ընթացակարգը, թե՛ դրա իրականացման անհավանականորեն կարճ ժամկետը։ Մինչ Մայր Աթոռը հայտարարում է, որ եպիսկոպոսներին վերագրվող նամակը կեղծ է, պաշտպանական կողմը պնդում է՝ քննիչ մարմինը խախտել է մի շարք իրավական նորմեր, ինչը կարող են դառնալ փորձաքննության արդյունքները վիճարկելու հիմք։
Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում օրերս տարածվել էր 13 եպիսկոպոսներին վերագրվող նամակ։ Որտեղ նշված էր, թե նոյեմբերի 5-ին Մայր Աթոռում ստեղծվել է հանձնախումբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի շուրջ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնելու համար, իսկ նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեն արդեն ներկայացրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը։ Եպիսոկոպոսների անունից տարածված գրությունում նշվում էր, թե Ամենայն հայոց կաթողիկոսը «առ ոչինչ» է համարել այդ եզրակացությունը, ինչի կապակցությամբ եպիսկոպոսները դժգոհություն են հայտնել և պահանջել «վերականգնել եկեղեցու սուրբ անունը»։
Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը հաղորդել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։
Oragir.News-ը մեկնաբանության համար դիմեց Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանին, ով մի շարք լուրջ կասկածներ հայտնեց թե՛ փորձաքննության իրականացման ժամկետների, թե՛ դրա տրամադրման օրինականության վերաբերյալ։
Բաբայանի խոսքով՝ նմանատիպ փորձաքննությունները ամիսներ են տևում, ուստի մեկ օրվա ընթացքում եզրակացություն տալը տեխնիկապես բացառված է.
«Իմ պրակտիկայում բազմաթիվ գործեր եմ վարել, որոնք պահանջել են տեսագրությունների փորձաքննություն։ Երբևէ չի եղել, որ նման փորձաքննություն արվի մի քանի ամսից պակաս ժամկետում։ Ուստի հիմնավորապես կարող եմ պնդել՝ դա հնարավոր չէ ոչ միայն մեկ օրում, այլ նույնիսկ կես օրում»,– նշեց նա՝ ընդգծելով, որ անգամ փաստաթղթաշրջանառության փուլը միայն իր ժամանակն ունի։
Փաստաբանի դիտարկմամբ՝ այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ փորձաքննության եզրակացությունը կարող էր նախապես պատրաստված կամ թելադրված լինել և իրականում չարտացոլել փորձաքննության իրական արդյունքները։
Բաբայանը շեշտեց՝ օրենսդրորեն փորձաքննության եզրակացությունը կարող է տրամադրվել միայն այն անձանց, որոնց շահերին այն առնչվում է.
«Բնականաբար, էս դեպքում հենց Արշակ սրբազանին կարող է տրամադրվել, և առավելագույնը հաղորդում ներկայացնող անձին՝ այն իմաստով, որ հաղորդումը ներկայացնողը, հնարավոր է՝ որոշակի տեղեկությունների անհրաժեշտություն ունենա։ Բայց էդ հաղորդում ներկայացնող անձին էլ վարույթ իրականացնող մարմինն է որոշում՝ տա՞լ փորձաքննության եզրակացությունը, թե՞ չտալ»։
Պաշտպանի խոսքով՝ քննչական գաղտնիքի մասով մի քիչ այլ մոտեցում է կիրառվել։ Կարող ենք առնվազն դիտարկել, որ քննչական նախաքննության գաղտնիքի հանդեպ ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք։ Բայց չենք կարող հստակորեն պնդել, թե նախաքննական գաղտնիքի պահպանման իրավունքը խախտվել է։ Էստեղ պիտի նկատի ունենանք, որ այնուամենայնիվ, նախաքննության գաղտնիքը քննիչի համար է քննության շահերի համար է։ Եվ քննիչն ինքն է որոշում՝ ինչքան հրապարակել, ինչքան ոչ։ Բայց էստեղ մենք պիտի նաև հաշվի առնենք, որ փորձագիտական եզրակացությունը հրապարակելու որոշում կայացնելուց Արշակ սրբազանը հրավիրվեր, որովհետև այն անձը, որին առնչվում է, տվյալ դեպքում Արշակ սրբազանը, փորձագետին հարցեր տալու իրավունք ուներ, բացարկ հայտնելու իրավունք ուներ, իր փաստաբանին փորձաքննությանը մասնակից դարձնելու իրավունք ուներ և այլն, և այլն։ Բազմաթիվ այդպիսի իրավունքներ ուներ, որոնք կոպտորեն խախտվել են քննչական մարմնի կողմից։ Անհնար է եղել հարցեր ներկայացնել փորձագետին, չի ապահովվել փաստաբանի ներգրավումը։
Բաբայանը նշեց, որ նման խախտումները կարող են դառնալ փորձաքննության եզրակացությունը դատարանում անթույլատրելի ճանաչելու հիմքեր։ Գործի շրջանակում Արշակ Սրբազանին փաստացի դիտարկում են որպես տուժող, սակայն պաշտպանական կողմը դրանից հրաժարվել է։ Բաբայանի խոսքով՝ Սրբազանը պնդում է, որ տվյալ տեսանյութում ինքը չի պատկերված և իր հետ դրանք որևէ առնչություն չունեն։ Հետևաբար՝ իր անձնական կյանքի գաղտնիքը չի կարող, չէր կարող համարվել խախտված․
«Սրբազանը ասում է, որ տեսանյութում ինքը չէ, հետևաբար նրա անձնական կյանքի որևէ տվյալ չի կարող համարվել հրապարակված։ Բայց այս տրամաբանությամբ Սրբազանին փաստացի ներկայացնում են որպես տուժող, թեկուզ և վերացական իմաստով։ Իսկ անկախ նրանից, թե փորձաքննության արդյունքները ինչպիսին կլինեն, Սրբազանի դիրքորոշումը միանշանակ է՝ նա գիտի, որ դա ինքը չէ, և նրան վերագրվողը իր հետ կապ չունի։
Եթե իրականում նպատակը օբյեկտիվ քննություն իրականացնելն էր, ապա նախաքննական մարմինը պիտի շահագրգռված լիներ, որ նախ պահպաներ նախաքննության գաղտնիությունը, որպեսզի ենթադրյալ էդպիսի արարք անողին հայտնաբերել, և ոչ թե արդեն ամբողջ աշխարհին և հատկապես , գործի հետ առնչություն չունեցող անձանց տրամադրել կես օրում արված «փորձաքննության» եզրակացությունը»,– ընդգծեց Բաբայանը։