Երբ պոպուլիզմն անցնում է քաղաքական ողջամտության սահմանը, ստեղծվում է սոցիալ հոգեբանության խեղման ռիսկ։
«Համոզված եմ, որ 2026-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»,- նոյեմբերի 27-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ո՞ւմ է ջախջախելու ժողովուրդը՝ վիշապի՞ն։ Որտեղի՞ց է Փաշինյանը վերցրել այս ապաքաղաքական և հակատրամաբանական խոսույթը։
Ընտրություններում ժողովրդի հաղթանակի մասին խոսում էին խորհրդային բռնազավթման տարիներին, երբ երկրում մեկ կուսակցություն կար, ընտրություններում մեկ թեկնածու էր քվեարկվում՝ առանց մրցակցության։ Ու այս ֆարսը քողարկելու համար քարոզիչներն ասում էին, որ կապիտալիստական երկրներում հաղթում են այս կամ այն կուսակցությունները, իսկ սովետում ընտրություններում հաղթում է ժողովուրդը։ Առողջ մարդիկ ծիծաղում էին այս հիմարության վրա։
ՀՀ ժողովուրդը ՀՀ քաղաքացիների ամբողջությունն է։ Ընտրություններում քաղաքացիներն ընտրում են տարբեր կուսակցությունների։ Որոշ քաղաքացիներ չեն մասնակցում ընտրություններին։ Ընտրողները կարող են իրենց ընտրած կուսակցության հաղթանակը իրենց հաղթանակը համարել։ Սակայն մեկ կուսակցության հաղթանակը ժողովրդի հաղթանակ որակելը վիրավորական է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք այլ կուսակցությունների են ընտրել։
Ժողովրդավարական երկրներում ընտրություններում հաղթում կամ պարտվում են կուսակցությունները։ Հաղթող է համարվում ընտրողների մեծ մասի քվեն ստացածը, որն էլ ձևավորում է Կառավարություն, քաղաքականություն որոշում որոշակի ժամանակահատվածում։ Քիչ քանակով քվե ստանալը, շեմը չհաղթահարելը որակվում է պարտություն։ Այսինքն՝ ժողովուրդն ընտրություններում ընտրում է, ոչ թե հաղթում կամ պարտվում։ Այս պարզ բանը հասկանում է յուրաքանչյուր ողջամիտ մարդ։ Փաշինյանն այս պարզ բանը չգիտի՞։
Ժողովրդավարական երկրներում պարզապես ընդունում են ժողովրդավարության նորմերը, որ ընտրություններում ավելի շատ քվե ստացածն է քաղաքականություն որոշում առաջիկա որոշակի ժամանակահատվածում։ Ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերը, նույնիսկ անարխիստները, չեն արժեզրկում ընտրությունները, ասելով՝ թե ժողովուրդն է հաղթել ընտրություններում, անհարգալից վերաբերմունք չեն դրսևորում ժողովրդավարական արժեքների, քաղաքական ազատությունների, քաղաքական մրցակցության, բազմակարծության, բազմակուսակցական համակարգի հանդեպ։ Քաղաքական ուժերը չեն ասում, որ ժողովուրդն է հաղթել ընտրություններում, որ չվիրավորեն այն ընտրողներին, որոնց ընտրած կուսակցությունները չեն հավաքել բավարար քվե ու պարտվել են։ Այդպիսի վիրավորանքը կարող է հանգեցնել հասարակական լարվածության, ցույցերի, անկարգությունների և այլն։ Այս ռիսկերը հաշվի առնելով՝ նման բաներ չեն ասում։
Ընտրություններին մասնակցելու փորձառություն ունեցողները կհիշեն, որ ընտրություններում ժողովրդի հաղթանակի մասին նախկինում խոսում էին իշխանության կուսակցության համար աշխատող ապաքաղաքական ու պատեհապաշտ տարրերը, որոնք զանգվածաբար կեղծում էին ընտրություններն ու հետո ասում, թե հաղթել է ժողովուրդը, քանի որ ազատ, արդար ընտրելու հնարավորություն է ունեցել։ Ընտրակեղծիքն ու հետո ժողովրդի հաղթանակի մասին խոսքն աղավաղել են մարդկանց պատկերացումները ընտրությունների, ժողովրդավարության, քաղաքական մրցակցության մասին։ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը այդ աղավաղված պատկերացման արտահայտությունն է, որից կեղծիքի, ֆարսի հոտ է գալիս։
Նախկինում ժողովրդի հաղթանակի մասին խոսող ապաքաղաքական պատեհապաշտպները թքած ունեին քաղաքականության, ժողովրդավարության ու ժողովրդի վրա։ Նախկինում իշխանության կուսակցության համար աշխատող պատեահապաշտներն այսօր էլ աշխատում են ՔՊ-ի համար։ Եվ ինչպես նախկինում նրանք համոզում էին դիտորդին, ընդդիմադիր կուսակցության վստահված անձին, թե ընտրություններում հաղթող ու պարտվող չկա, ժողովրդի հաղթանակն է կարևոր, նույնպես էլ, ենթադրաբար, վաղն են դատարկախոսելու ժողովրդի հաղթանակի մասին։ Այս առումով՝ խիստ մտահոգիչ է, որ վարչապետն ապաքաղաքական, հակաժողովրդավարական մարդկանց բառապաշարն է կիրառում։
Պարզ ասած՝ քաղաքական փորձառություն ունեցողը գիտի, թե ովքեր, երբ և ինչու են խոսում ընտրություններում ժողովրդի հաղթանակի մասին և ինչպես են արժեզրկում ընտրությունների քաղաքական նշանակությունը։ Ու եթե հիմա ասում են, թե 2026-ին ընտրություններում ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ է տանելու, այդպիսով կամա, թե ակամա ակնարկում են, որ 2026-ի ընտրությունները վերածվելու են հակաժողովրդավարական ու ապաքաղաքական ֆարսի։
Թաթուլ Մկրտչյան