ԲՏԱ նախարարը ուրախություն է պատճառել մարդկանց, ասելով, որ գերադասում է պարտվել ԱԺ ընտրություններում։
«Ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի դեպքում երկրի կառավարումն էլ ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, բարեփոխումներ բերելու և կյանքի որակը բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ»,- նոյեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՏԱ նախարար, հայտնի ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը։
Սա ուրախալի նորություն է։ Մինչ այս՝ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները համոզմունք էին հայտնում, որ 2026-ին անպայման հաղթելու են, ժողովուրդն իրենց է ընտրելու, իրենք շարունակելու են նույն կուրսը։ Իսկ ահա՝ ԲՏԱ նախարարը գերադասում է պարտվել։ Մնում է գտնել մի առողջ քաղաքական ուժ և ՔՊ-ին հաղթելու հարցը համարել լուծված։ Կարծես՝ ամեն ինչ պարզ է։
Իսկ ո՞վ և ինչպե՞ս է որոշում՝ քաղաքական ուժն առո՞ղջ է, թե՞ ոչ։
Առողջության հետ կապված քաղաքականությունը որոշում է Առողջապահության նախարարությունը։ Եվ այս կառույցը կարող է սահմանել չափանիշներ, որոնցով քաղաքական ուժը կարող է որակվել առողջ։ Օրինակ՝ զինակոչիկները համակողմանի հետազոտություն են անցնում, ստուգվում տարբեր մասնագետների կողմից, այնուհետև որակվում ծառայության համար պիտանի կամ ոչ։ Նույն տրամաբանությամբ՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամները կարող են համակողմանի հետազոտվել ամբուլատորիաներում կամ կլինիկաներում։ Եթե բժշկական հանձնաժողովը եզրակացնի, որ առողջ են, ապա կուսակցությունը կորակվի առողջ քաղաքական ուժ։ Եվ եթե այդ առողջ քաղաքական ուժը մասնակցի 2026-ի ընտրություններին, ապա Մխիթար Հայրապետյանի կուսակցությունը կգերադասի պարտվել։
Սոցիալ հոգեբաններն անառողջ քաղաքական ուժ են համարում նրանց, որոնց առաջնորդները համարժեք չեն արձագանքում իրականութանը, տառապում են ժխտման հիվանդությամբ, ինչպես Կոբո Աբեի «Ամրոցը» պիեսի հերոսը։ Օրինակ՝ ՀՀ-ն անկախ է 1991 թվականի Սեպտեմբերի 21-ից։ Սակայն բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՔՊ-ականներ, կարծում են, թե ՀՀ-ն անկախ չէ, գաղութ է կամ ֆորպոստ ինչ-որ մեկի, այսինքն՝ ժխտում են իրականությունն ու ապրում պատրանքով։ Իսկ եթե ՀՀ-ն անկախ չէ, ապա նորմալ է, որ այստեղ կարող են ռուսական զորքեր տեղակայվել, ռուսական գործակալներն ազատորեն վխտալ, Մոսկվան կարող կապիտուլյացիոն հայտարարություն պարտադրել, օրինական իշխանությունը տապալել ու ֆորպոստի վարչապետ կարգել, վերջինիս քարշ տալ Մոսկվա պառադի և այլն։ Այս տեսանկյունից՝ անառողջ են ռուսամետ ուժերը։ Իսկ առողջ քաղաքական ուժերն են անկախության և ժողովրդավարության ջատագով կուսակցությունները, որոնք համարում են, որ Հայաստանն անկախ է 1991-ի Սեպտեմբերի 21-ից, և ցանկանում են, որ Հայաստանն անկախ լինի միշտ։ Այսինքն՝ եթե 2026-ին իշխանության հավակնություն ներկայացնեն անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերն, ապա Մխիթար Հայրապետյանի կուսակցությունը կգերադասի պարտվել։
ԲՏԱ նախարարի խոսքում, սակայն, կա քողարկված վիրավորանք ժողովրդի, քաղաքական համայնքի հասցեին։ Նա ակնարկում է, որ խորհրդարանական ընդդիմությունը և 2026-ին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն անառողջ են, լճացած, հեղինակզրկված, ունակ չեն կյանքի որակը բարձրանելու։ Քողարկված ակնարկ կա նաև, թե ժողովուրդն անառողջ ուժերին է ընտրել 2021-ին ու 2026-ին էլ է նույն ընտրությունն անելու, և այդպես հավերժ, քանի որ առողջ քաղաքական ուժ չի հայտնվի, որին կգերադասեն պարտվել։ Այսինքն՝ ակնարկում է, թե ժողովուրդն այնքան անառողջ պատկերացումներ ունի պետության մասին, որ ինչպես 2021-ին, այնպես էլ 2026-ին և գուցե հավերժ (եթե առողջ քաղաքական ուժ չհայտնվի) ընտրել ու ընտրելու է լճացած, հեղինակազրկված, անառողջ ուժերին։ Իսկ գուցե ՔՊ-ն նույնպե՞ս անառողջ ու հեղինակազրկված է ու դրա համար է քվե ստանում։ Եվ գուցե այդ պատճառո՞վ է ՔՊ-ն ջանք գործադրում, որ ընդդիմադիր դաշտում լինեն իր նման ուժեր, որոնց կգերադասի հաղթել, նրանց հետ խորհրդարան ձևավորել ու նրանց գանձ անվանել։
Իսկ եթե Մխիթար Հայրապետյանն իր հարազատ կուսակցությանը, ընդդիմադիր գործընկերներին ու ժողովրդին վիրավորելու, անառողջ որակելու խնդիր չի ունեցել, ապա նրա խոսքից ենթադրելի է, որ ինչ-որ արտաքին խաղացող է անառողջ, հեղինակազրկված ուժերին Հայաստանում քաղաքական ասպարեզ տրամադրում, ժողովրդին էլ պարտադրում անառողջների ու հեղինակազրկվածների շարքից ընտրություն կատարել, այսինքն՝ ընտրել անառողջի և ավելի անառողջի, հեղինակազրկվածի ու ավելի հեղինակազրկվածի, վատի ու ավելի վատի միջև։ Եվ, հավանաբար, այստեղ էլ ծնվել է Մխիթար Հայրապետյանի երազանքը՝ պարտվել առողջ քաղաքական ուժին և Հայաստանն ազատել անառողջ ուժերից։
Պարզ ասած՝ երանի այն օրը, երբ քաղաքական համակարգը կազատվի ռուսական, հակաքաղաքակրթական դիկտատից, ու առողջ քաղաքական ուժերն իշխանությանը հավակնելու, ընտրվելու իրական, հավասար հնարավորություններ կունենան։ Եվ ոչ միայն Մխիթար Հայրապետյանն, այլև անառողջ ու ռուսամետ բոլոր ուժերը կգերադասեն պարտվել, իրենց տեղը զիջելով առողջ ուժերին՝ անկախության ու ժողովրդավարության ջատագով կուսակցություններին։
Թաթուլ Մկրտչյան