Ես հանդես էի եկել միջնորդությամբ դեռևս հոկտեմբերի 30-ին, որը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելուն, միաժամանակ նաև այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, գրավ, համակցված բացակայելու արգելք կիրառելուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Անհրաժեշտությունը հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով 85 տարեկան է, գտնվում է բժշկական կենտրոնում, այս ժամանակահատվածում նաև առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, որի ողջ դետալները փոխանցվել էին դատարան։ Դուք պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության սկզբունքի ի՞նչ աստիճանի ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները։ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը, մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել, այս ժամանակահատվածում տեսնելով որդու նկատմամբ տեղի ունեցողը, իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել։
Այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ տնային կալանքը իր ինտենսիվությամբ նույն կալանք է, պարզապես այդ ժամանակ կարող է մարդասիրության երաշխիքը սկզբունքը պահպանվել։ Բայց այ այս դատարանի համար դա նշանակություն չունի, հանրային մեղադրողների համար նշանակություն չունի, սա փաստն է»,–ասաց նա՝ հավելելով, որ որեւէ կերպ չպարզաբանվեց, թե ինչու են այդպիսի որոշում կայացնում։