Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:13 31-10-2025

Վեհափառը մաղթանք կհղի, Մայր Աթոռը բախումներ թույլ չի տա, Փաշինյանը չի հանձնվում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 31-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կիրակի՝ նոյեմբերի 2-ին, իր օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ հայրապետական մաղթանք կհղի Սուրբ Էջմիածնում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հընթացս սուրբ և անմահ պատարագի կկատարվի հայրապետական մաղթանք, և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»,– ասված հաղորդագրությունում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է Վեհափառին՝ հայտարարելով, թե իբր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իր աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա՝ Մայր աթոռում։ Ինչպես հայտնի է, կարգալույծ արված Ստեփան Աստարյանը կիրակի օրը Հովհաննավանքում հերթական ինքնակոչ պատարագը կմատուցի, որին իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, մտադիր են մասնակցել։

Անընդունելի են Հովհաննավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Հովհաննավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և շատ հստակ է, որ Հովհաննավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են և ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի»,- ասել է նա։ Տեր Եսայիի խոսքով, Հովհաննավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական և օրինական ճանապարհով միայն:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Ford»-ի վարորդն ու ուղևորը, Գյումրու ավագանու ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Մանրամասները՝ տեսանյութում: