Ուղիղ եթեր
Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:20 31-10-2025

Դավիթ Համբարձումյանը կարծրատիպ է կոտրում

Օրեր առաջ Դավիթ Համբարձումյանը վերադարձավ հայրենիք ու կալանավորվեց։ Թեման կարևոր է քաղաքական ավանդույթի ձևավորման առումով և ունի երկու երես, որոնց կանդրադառնանք առանձին հոդվածներով։ Ստորև կդիտարկենք, թե ի՞նչ փոխեց Դավիթ Համբարձումյանը՝ հայրենիք վերադառնալով։

Հայաստանում, կարծես՝ ավանդույթ է, որ քաղաքական գործիչները քաղաքական հալածանքի ռիսկերի պարագայում լքում են հայրենիքն ու քաղաքականությունը։ Հատկապես՝ 2018-ից հետո բազմաթիվ նախկին պաշտոնյաներ են լքել հայրենիքը, խուսափելով հետապնդումներից։ Նրանք այսօր չեն հիշեցնում, որ մի քանի տարի շարունակ պետական, քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցրել։

Ինչո՞ւ են հայրենիքից ու քաղաքականությունից հեռանում հայտնի պետական գործիչները։ Այս հարցի վերաբերյալ առավել տարածված է հետևյալ գնահատականը։

Շատերը կարծում են, թե հայրենիքից ու քաղաքականությունից հեռացողներն իրականում քաղաքական գործիչներ չեն էլ եղել, այլ հանգամանքների բերումով են զբաղեցրել բարձր պաշտոններ։ Մարդիկ ունեցել են վաստակ, անցած ճանապարհ, ոլորտային գիտելիքներ, հմտություններ, հուսալի թիմակից են եղել։ Այդ պատճառով նրանց վստահվել են բարձր պաշտոններ։ Բայց նրանք էությամբ քաղաքական գործիչ չեն եղել։ Չեն դավանել քաղաքական գաղափարներ, չեն ունեցել քաղաքական բարձր նպատակներ, որոնց կնվիրվեին անմնացորդ։ Ու երբ հետապնդումների ռիսկեր են առաջացել, նրանք լքել են հայրենիքն ու քաղաքականությունը, ինչպես ասում են՝ շառից, փորձանքից հեռու։

Ոմանք 2018-ից հետո քաղաքական գործիչների զանգվածային գաղթը համեմատում են 1921-ից հետո քաղաքական գաղթի հետ։ Սակայն այս երկուսի միջև էական տարբերություն կա։ 1921-ին Հայաստանը բռնազավթվել է Խորհրդային Ռուսաստանի կողմից։ Բռնազավթումից անմիջապես հետո ռուս զավթիչները 1000-ավոր հայ սպաների են աքսորել, որոնց մի մասը գնդակահարվել է, մի մասը մահացել աքսորում։ 2018-ից հետո ՀՀ-ն, չնայած մեծ պարտությունների ու կորուստների, շարունակում է մնալ անկախ պետություն։ ՀՀ-ում քաղաքական ազատությունները, բազմակուսակցականությունը օրենքով չեն արգելվել։ Իշխանությունը ՀՀ-ում ձևավորվում է ժողովրդավարական ընտրություններով։ Հետևաբար՝ հայ քաղաքական գործիչը քաղաքական պայքարը չշարունակելու, Հայաստանից հեռանալու քաղաքական արդարացում չունի։

Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետն էր 2016-ից, 2021-ից Մասիսի խոշորացված համայնքի համայնքապետն է։ Ամեն ինչ փոխվեց ամիսներ առաջ, երբ նա առաջադրվեց իմպիչմենտի համար վարչապետի թեկնածու ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից։ Այսպիսով՝ նա հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում։ Եթե քաղաքապետը կամ համայնքապետը ՀՀ-ում կարող են ձևացնել, թե քաղաքական գործիչ չեն, քաղաքականությամբ չեն զբաղվում, ապա վարչապետի թեկնածուն չի կարող ապաքաղաքական կերպարի մեջ մնալ։ Այս առումով՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը քաղաքական գործիչ է։ Չի բացառվում, որ նա կղեկավարի ՀՀԿ-ի ցուցակը 2026-ի ընտրություններում։

Տեսականորեն՝ նա կարող էր մնալ դրսում, ժողովրդավարական երկրում ապաստան ստանալ կամ հակաժողովրդավարական երկրում աննկատ ապրել։ Ոմանք կարծիք են հայտնում, թե նա պետք է մնար դրսում, սպասեր մինչև իշխանափոխությունը, որից հետո ազատ կվերադառնար։ Սակայն նա հայրենիք եկավ։ Այսպիսով նա ապացուց, որ քաղաքական գործիչ է, քաղաքական նպատակ ունի, գաղափարներ է դավանում, որոնք կապված են Հայաստանի և քաղաքականության հետ։

Պարզ ասած՝ Դավիթ Համբարձումյանը կարող է կոտրել կարծրատիպը։ Նա ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների, չթաքնվեց ռուսաստաններում։ Նա իր վարքով կարող է նաև օրինակ ծառայել ու դրական ավանդույթ ձևավորել։ Բարձր պաշտոնյաները, հավանաբար, այսուհետև պատասխանատվությամբ կվերաբերվեն քաղաքական գործչի կոչմանն ու առաքելությանը։ Իսկ իշխանափոխությունից հետո ՔՊ-ական գործիչները, հավանաբար, կհետևեն Դավիթ Համբարձումյանի օրինակին, չեն փախչի Հայաստանից, նույնիսկ եթե նոր իշխանությունները հանիրավի թիրախավորեն նրանց։

Թաթուլ Մկրտչյան