Հայաստանում դատական նիստերի օրերը, կարծես, թե ընտրովի են։ Օրինակ, այսպես ասած՝ հայտնի մարդկանց դատերը երբեք նույն օրը չեն նշանակվում։
Սերժ Սարգսյանի դատական նիստը տեղի է ունենում ամեն չորեքշաբթի, Բագրատ Սրբազանի դատական նիստը՝ հինգշաբթի, նախկինում Ռոբերտ Քոչարյանինը նույնպես հատուկ օր ուներ՝ միայն երեքշաբթի օրերը։
Տպավորություն է՝ ամեն ինչ այնպես է կազամակերպված, որ ճանաչում ունեցող դատավարությունները մեկը մյուսին չխանգարեն։
Իրականում ինչո՞վ է դա պայմանավորված։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը
Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, նշեց, որ դատավարության օրերը համաձայնեցվում են նաև փաստաբանների հետ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել նիստերին։
«Դա ինչ-որ գրաֆիկ է։ Էդպես դատարանն է նախօրոք որոշում, բայց մասնակիցներն էլ իրենք իրար մեջ են պայմանավորվում՝ էսինչին էս օրը նշանակեք, էնինչին՝ էն մյուս օրը, որ կարողանան ներկա գտնվեն»,- ասաց Փոստանջյանը։
Ճշտող հարցին՝ օրենքով չե՞ն կարգավորվում դատական նիստերի օրերը, պատասխանեց, որ ոչ։
Ինչ վերաբերում է այն դատական նիստերին, որոնք տարիներով ձգձվում են, քանի որ 5-6 ամիսը մեկ են տեղի ունենում, փաստաբանը հավաստիացրեց, որ դրանք 100 տոկոսով պատվերով են։
«Եթե կա դատ, որ ասում են՝ էսօր անում ենք, պրծնում ենք, անում՝ պրծնում են։ Նույնը կարելի է ասել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասին։ Կարող էին չանեին․ ոնց միշտ ձգել են, էլի ձգձգեին։ Հարց՝ ինչո՞ւ արեցին։ Կամ՝ Վարդան Ղուկասյանին մի շաբաթ հետո ձայնագրել են, եթե ուզենային ինչ-որ բան անել, պիտի շուտ անեին։ Ինչո՞ւ որոշեցին հոկտեմբերի 1-ից հետո։ Նիկոլի խոսելուց հետո՝ 18-ին, քննչական խումբ ստեղծեցին ու միանգամից բռնեցին։
Այսինքն՝ ակնհայտ է ամեն ինչը։ Ժամկետների մեջ կան նաև սահմանափակ ժամկետներ, բայց ողջամիտ ժամկետի հասկացություն կա՝ իրենք դրա տակ ինչ ուզում՝ անում են»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։