Ներքին 8 ամիս առաջ - 21:58 23-10-2025

Ընդդիմադիրները հաղթում են, հետո՝ պատժվում. տխուր իրականության հետքերով

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ մեր երկիրը թևակոխել է ժողովրդավարության փուլ, որտեղ ընտրությունները ոչ մի դեպքում չեն կեղծվում։ Վերջիններս ասվածը հիմնավորում են այն հանգամանքով, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներում տարբեր համայնքներում հաղթում են նաև ընդդիմադիր թեկնածուները։

Չնայած այն բանին, որ ընդդիմադիր համայնքապետները ընտրվում են, այնուամենայնիվ նրանց վերջը միշտ չէ, որ բարի է լինում։ Ընդդիմադիր համայնքապետները կա՛մ սպանվում են, կա՛մ հայտնվում բանտերում, կամ էլ նրանց նկատմամբ տարբեր քրեական գործեր են բացվում, և վերջիններս «ինքնակամ» հրաժարական են տալիս։

Oragir.News-ն ուսումնասիրել և իր ընթերցողին է ներկայացնում 2018-2025 թվականների ընթացքում ընտրված ընդդիմադիր համայնքային ղեկավարների ճակատագրերը, որոնց իշխանությունը տարբեր ճանապարհներով պաշտոնանկ է արել կամ էլ «մտափոխել»․

Շարքում առաջինը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նա ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N1019-Ա որոշմամբ նշանակվել էր Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այնուհետև նույն թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել համայնքի ղեկավար։

2020 թվականի դեկտեմբերի 21-ին՝ 44-օրյա պատերազմին հաջորդած բողոքի գործողությունների ժամանակ Առուշանյանը բերման է ենթարկվում ու ձերբակալվում, քանի որ նա կասկածվում էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու համար։

Ձերբակալության դե յուրե կողմը տվյալ մեղադրանքն էր, սակայն դե ֆակտո Փաշինյանին զայրացրել էր Առուշանյանի հակաիշխանական հայտարարությունը, ինչպես նաև, որ ընդդդիմադիր համայնքապետն աջակիցների հետ միասին խոչընդոտել էր իր մուտքը Սյունիք։ Փաշինյանի այցին ընդառաջ՝ կեսգիշերին, Առուշանյանը ֆեյսբուքում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողն օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող վարչապետի մուտքը Սյունիքի մարզ։ Իր այս հայտարարությունից մի քանի ժամ անց Առուշանյանը բերման ենթարկվեց։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը սա քաղաքական հետապնդում էր որակել։

2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց Առուշանյանը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի կազմում, նա ձերբակալվեց, իսկ այնուհետև նույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում նա բանտից ջախջախիչ պարտության մատնեց ՔՊ-ական թեկանծուին։ 2022-ի մարտին նա 6.5 ամիս ազատազրկման դատապարտվեց, բայց վճիռը պայմանական չկիրառեց: Դատավոր Գնել Գասպարյանը Գորիսի քաղաքապետին նաև 5 տարով զրկեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից, սակայն Առուշանյանն առ այսօր շարունակում է պաշտոնավարել։ Հավանաբար պատճառն այն է, որ վերջինս հրաժարվել է իր երբեմնի ընդդիմադիր կեցվածքից, և օրինակ ջերմ ընդունելության է արժանացնում Գորիս ժամանող Նիկոլ Փաշինյանին։
Մոտավորապես նման ճակատագիր ունեցավ նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Վերջինս ազատ արձակվելուց հետո խզեց իր կապերը «Հայաստան» դաշինքի հետ, 2022-ին ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ, սակայն սկսեց ջերմ ընդունելության արժանացնել Փաշինյանին։ Ավելին՝ նա Փաշինյանի քաղաքացիական կնոջը՝ Աննա Հակոբյան վարդեր էր նվիրել, ինչի համար խիստ քննադատության էր արժանացել։

Հաջորդը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։ Նրա գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ էր տարել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում: Իշխանությունները չէին հաշտվում Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: Ընտրությունից ընդամենը 10 օր անց Ասլանյանը ձերբակալվեց և այդպես էլ չհասցրեց ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրվել։ Նա ազատ արձակվեց միայն 2 տարի 7 ամիս անց և այդպես էլ չկարողացավ պաշտոնավարել։

Ըստ իրավապահների, 2016-2021 թվականներին Վանաձորի համայնքապետ եղած Ասլանյանը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մեջ: Մամիկոն Ասլանյանի փաստաբան Երվանդ Վանաձորի ընտրություններում ամենաշատ քվե ստացած թեկնածուի ձերբակալությունն ապօրինի քաղաքական հետապնդում է համարել։

Ամենից տխուր օրինակը Փարաքարինն է։ Փարաքար խոշորացված համայնքում 2025 թվականի ապրիլի 16-ից «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, քանի որ ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 57 տոկոսը։ Ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 30-ին, որի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել էր 12 մանդատ, 2 մանդատ էլ ստացել էր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։
Ընտրվելուց ընդամենը 5 ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։

Սպանված Գրիգորյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ով երկու անգամ պարտության էր մատնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2021 և 2025 թվականներին։ Չհաշտվելով 2021-ի պարտության հետ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ այլ թեկնածուի՝ Դավիթ Մինասյանի հետ մեկտեղ, մինչև 2022 թվականի հունվարի 9-ը սաբոտաժի էր ենթարկել Փարաքարի ավագանու աշխատանքը, իսկ հետո՝ 11 կողմ ձայնով, ավագանու նիստում Փարաքարի ղեկավար ընտրել Մինասյանին, ով պարտավորվել էր համայնքի հետագա հինգ տարվա կառավարումը կիսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ։

Հաջորդը Գյումրին է․ 2025 թվականի մարտի 31-ին ընտրություններ տեղի ունեցան նաև Գյումրիում, որոնցում Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2-րդ տեղը զբաղեցրեց, սակայն ընդդիմադիր մյուս ուժերի աջակցությամբ կարողացավ համայնքի ղեկավար ընտրվել։ Ընտրվելուց ընդամենը 6 ամիս անց Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, որոշեց 2 ամսով կալանավորել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: 2025թ. հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին ձերբակալվածների շարքերում կան նաև Արցախյան պատերազմների մասնակիցներ, նաև հոգեկան խնդիրներ ունեցող տարեց տղամարդ, որոնք քաղաքի մաքրությամբ են զբաղվում կամ վարորդ են աշխատում։

Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները տարել են համայնքապետարանի ամբողջ տեխնիկան` ջրցանները, աղբատարները, տրակտորը, վարորդների հետ մեկտեղ տարվել է Ախուրյանի տուգանային պահման վայր։

Իսկ այսօր արդեն 6 տարվա ազատազրկման ենթարկվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Արարատի մարզի Մասիս քաղաքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ էր ընտրվել ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը: Նա հավաքել էր 7520 ձայն՝ պարտության մատնելով ՔՊ-ական թեկնածուին։ Ավելին՝ Համբարձումյանը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի կողմից Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում առաջադրվել է վարչապետի թեկնածու, ստացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորների աջակցությունը։

Մի շարք դեպքերում էլ ՔՊ-ն թույլ է տալիս, որ ընդդիմադիր համայնքապետներն ընտրվեն, այնուհետև ինչ-ինչ ճանապարհներով, այլ խմբակցությունների ավագանու անդամների «մտափոխելով», որին քաղաքական գործիչներն անասնագողություն են անվանում, նրանց պաշտոնանկ է անում և համայքի ղեկավար կարգում սեփական թեկնածուներին։ Այս առումով տեղին է հիշել Ալավերդու օրինակը, որտեղ 2022-ին հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն 1 տարի անց նույն խմբակցությունից 1 հոգի «միացավ» ՔՊ-ին և պաշտոնանկ արեց ընտրված համայնքապետին։ Գործընթացը ղեկավարում էր ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտված թեկնածու Արեն Մկտչյանը, ով վերջերս Լոռու մարզպետ նշանակվեց։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 2018 թվականից հետո իշխանության ՔՊ-ականների պնդմամբ Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը փաստացի մնում է ձևական հռետորաբանության մակարդակում։ Նշված դեպքերից ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր համայնքապետերի ու մարզպետների նկատմամբ կիրառվող մեխանիզմները՝ քաղաքական հետապնդումներ, կրակոցներ և սպանություններ, քրեական գործերի շղթաներ, վարչական և իրավական ճնշումներ, հիմնականում ունեն ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ։

Այս ամենը փաստում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը շարունակում է մնալ կենտրոնական իշխանությունից կախված, իսկ ընտրված ընդդիմադիր պաշտոնյաների գործունեությունը՝ խոցելի և վտանգված։

Այլ կերպ ասած՝ ժողովրդավարության ձևական կողմը պահպանվել է՝ ընտրություններն անցնում են քիչ թե շատ թափանցիկ, ընդդիմադիրներ թեկնածուները կարողանում են որոշ դեպքերում հաղթել իրենց իշխանական մրցակիցներին, սակայն դրա բովանդակային կողմը՝ իշխանության տարանջատման, քաղաքական մրցակցության և անկախ ինստիտուտների ապահովման տեսանկյունից, լրջորեն խաթարված է։ Ընտրված ընդդիմադիր պաշտոնյաները հերթով հայտնվում են բանտում, հարձակման թիրախ են դառնում կամ ստիպված են լինում հրաժարվել պաշտոններից։ Սա վկայում է ոչ թե ժողովրդավարական զարգացման, այլ իշխանական վերահսկողության խորացման մասին։

Հայաստանում փաստացի ձևավորվել է կիսաժողովրդավարական կամ ընտրովի ժողովրդավարության մոդել, որտեղ քաղաքական իշխանությունը պահպանում է վերահսկողությունը նաև ընտրություններից հետո՝ կիրառելով վարչական, իրավապահ և տեղեկատվական լծակներ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում, որը հավակնում է ժողովրդավարության բաստիոնի կոչմանը, ընդդիմադիրներն ընտրվում են, բայց այդպես էլ չեն կարողանում պաշտոնավարել։

Ք․ Սահակյան