ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում: Ստուգման ընթացքում իրականացվել է ապրանքատեսակների նմուշառումներ, որոնք հանձնել են լաբորատոր հետազոտության։
Տեսչական մարմնից
Oragir.News-ին հայտնել են, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված՝ 30․09․2025) արտադրատեսակում ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, ինչպես նաև «Պանիր Լոռի», «Կաթ պարունակող կաթնային մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող կաթնային մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» արտադրատեսակների նմուշներում ԱՑԽՄ ցուցանիշներով արձանագրվել են շեղումներ՝ չհամապատասխանելով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ «Իգիթ» ՍՊԸ-ի ստուգումը եղել է 2025 թվականի տարեկան պլանի շրջանակում, որը կազմվում է ռիսկերի վերլուծության հիման վրա։
«Բարձր ռիսկային տնտեսավարողները ստուգվում են տարեկան մեկ անգամ, միջինները՝ երեք տարին մեկ, իսկ ցածր ռիսկայինները՝ հինգ տարին մեկ անգամ։ Ռիսկայնությունը գնահատվում է հաշվի առնելով ոլորտային և անհատական գործոնները»,- նշեցին տեսչական մարմնից։
Լաբորատոր հետազոտությունների ընթացքում կատարվել են կաթնայուղի ճարպային կազմի, զանգվածային մասի և մանրէաբանական փորձաքննություններ՝ դասական մեթոդաբանությամբ։
Ինչ վերաբերում է սպառողների առողջության ռիսկերին, ապա տեսչական մարմնից հայտնեցին, որ անհանգստացնող ահազանգեր չեն ստացվել, սակայն նման խախտումները կարող են առաջացնել աղեստամոքսային խանգարումներ՝ փորլուծություն, սրտխառնոց և այլն։
Տեսչական մարմինը նաև շեշտում է, որ ոլորտի սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման հիմնական ուղղությունը HACCP (վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր) համակարգի ներդրումն է կաթնամթերքի արտադրություններում։
Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց նաև «Իգիթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Ընկերությունում հաստատեցին, որ խնդիրը վերաբերում է միայն 30․09․2025-ին արտադրված արտադրանքին, և այն համատարած բնույթ չի կրել, ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել և ոչնչացվել։
«Խնդիրը կապված է եղել կոնկրետ օրվա արտադրանքի հետ։ Կասեցումը վերաբերում է միայն այդ արտադրատեսակներին։ Մեր արտադրամասը շարունակում է աշխատել, մյուս ապրանքատեսակների մասով խախտումներ չեն արձանագրվել»,- նշեցին ընկերությունից։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արդեն իրականացվել է կրկնակի նմուշառում, և նրանք սպասում են լաբորատոր արդյունքներին։
«Շտկման աշխատանքները գրեթե ավարտված են՝ շուրջ 90%-ով։ Վստահ ենք, որ կրկնակի հետազոտությունները ցույց կտան նորմալ արդյունքներ»,- հավելեցին նրանք։
Ընկերությունում ընդգծում են, որ ունեն սեփական լաբորատորիա, որտեղ ամեն օր ստուգում են մթերվող հումքը, մինչդեռ պատրաստի արտադրանքի մանրէաբանական ստուգումներ իրականացվում են 10-15 օրը մեկ կամ արտահանման ժամանակ։
«Մեր սանիտարահիգիենիկ պայմանները նորմալ են։ ԱՑԽՄ-ի առկայությունը միշտ էլ հնարավոր է տարբեր պատճառներով՝ ջրից, տարաներից կամ օդից։ Այժմ մանրամասն ուսումնասիրում ենք՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջացել շեղումը»,- ասացին ընկերությունից։
Ընկերությունում հավելեցին, որ իրենց արտադրամասում ներդրված են ISO և HACCP համակարգեր, իսկ վերահսկողությունն իրականացվում է պարբերաբար։
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կրկնակի լաբորատոր փորձաքննություններից հետո կորոշի՝ վերացնե՞լ արտադրանքի կասեցման միջոցը, թե՞ այն կշարունակի մնալ ուժի մեջ։